Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծությունը դուք հրամցնեք մի գործարանային բանվորի—նախ նա ոչինչ չի հասկանա և ապա կզարմանա, թե ինչո՞ւ պիտի սիրած կինը «մարի լույսը մշուշոտ, սև հյուսերը արձակի և տանջել սկսի իրան որպես «դահիճ»։ Ուրեմն Տերյանի այդ բանաստեղծությունը չնայած իրա գեղարվեստական լինելու նուրբ հանգամանքին—չի կարող ձևավորել, «գեղարվեստական» որոշ հունի մեջ գցել գործարանային բանվորի զգացմունքային վերաբերմունքը դեպի կինը։ Մեկնելով ահա այս հիմնական տեսակետից — միանգամայն պարզ է, որ վերջին տարիների հայ բանաստեղծությունը չի կարող մեզ ծառայել, որպես մեր աշխատավոր մասսաների կենսական ապրումները և տրամադրություններ կազմակերպելու միջոց։

Մենք մի քանի անգամ շեշտեցինք, որ հայ մինչայժմյա բանաստեղծությունը եղել է գերազանցորեն մանր բուրժուական տրամադրությունների արտահայտիչը, որովհետև հասարակական այդ խավի ներկայացուցիչներն են եղել մեր կուլտուրական (նույնպես և քաղաքական) կյանքի ղեկավարները, գունավորողները և տոն տվողները։ Դաշնակցություն կուսակցությունը այդ նույն մանրբուրժուական խավերի հասարակական տարտամ ու անորոշ ձգտումների կրողն էր— բայց այն օրից, երբ Հայաստանում գյուղական չքավոր աշխատավորությունը և քաղաքների բանվորությունը իր ուսերի վրա վերցրեց երկրի տնտեսական և քաղաքական կազմակերպության ծանր լուծը—պատկերը միանգամայն փոխվեց։ Ինչպես որ մեր խորհուրդների, կուսակցական և այլն համագումարներին օր օրի ետևից ավելանում են աշխատանքի ներկայացուցիչները—այնպես էլ մեր կուլտուրական կյանքում ժամանակն է, որ մենք պատրաստ լինենք ընդունելու այդ նույն աշխատավորության ներկայացուցիչներին։