Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնց մեջ տիրապետող հիմնական տրամադրությունն անարխիստական բունտարությունն էր ցարական Ռուսաստանի հանդեպ, իսկ Հոկտեմբերից հետո նա տվել է հեղափոխական բարձր պաթոսով գրված մի շարք պոեմներ և բանաստեղծություններ, որսնցից լավագույնն, անշուշտ, նրա վերջերս լույս ընծայած «Եմելյան Պուգաչով» պոեմն3 է, որը գրական չափազանց բարձր որակ ունենալուց բացի՝ նշանավոր է առանձնապես նրանով, որ հեղինակը նրա մեջ կարողացել է տալ Պուգաչովի շարժման սոցիալական ամբողջ պատկերը։

Առանձնապես մեծ է Վասիլի Կամենսկու դերը ոուսական բանաստեղծության ձևական զարգացման գործում4. նա առաջինն է ստեղծել բանաստեղծական այն նոր տեխնիկան, որը հիմնովին տարբերվում է հնից և իր ազդեցությունն է դրել հետագա ամբողջ ռուսական— և ոչ միայն ռուսական — բանաստեղծության վրա։ Ւր ելույթում ընկ. Կամենսկին պատմելու է Վլադիմիր Մայակովսկու կյանքի և մահվան մասին, իսկ վերջում կարդալու է իր նոր ստեղծագործություններից հատվածներ։

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

<1932 թ. «Երկերի» առաջաբանը>

Երկերիս ներկա ժողովածուն կազմելիս իմ նպատակն է եղել մի հատորի մեջ ամփոփել իմ համարյա բոլոր այն գրվածքներր, որոնք, լինելով իմ ստեղծագործության տարբեր շրջանների համար բնորոշ երկեր, միևնույն ժամանակ մինչև օրս զուրկ չեն թվում ինձ ինչպես գրական-հասարակական, այնպես էլ գեղարվեստական արժեքից։