Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ երկու հանգամանքը մեր նպատակադրման տեսակետից ոչ մի առնչություն չունեն իրար հետ ճիշտ այնպես։ ինչպես Խ. Աբովյանի կամ Գ. Սունդուկյանի լեզվական տենդենցները ընդունելը կամ մերժելը կարող են ոչ մի առնչություն չունենալ նրանց, իբրև հայ մեծագույն հեղինակներ ճանաչելու, կամ չճանաչելու խնդրի հետ։ — Անկախ Հ. Թումանյանի լեզվական տենդենցներն ընդունելուց կամ մերժելուց` Հ. Թումանյանը մեզ համար է և կմնա հայ մեծագույն բանաստեղծը, որ իր ստեղծագործության այլ կողմերով թերևս ամենաուսանելին է մեր երիտասարդ գրողների համար։

II. Հանձինս Հովհ. Թումանյանի մեր գրական լեզվի շինարարության ասպարեզում մենք տեսնում ենք վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ ներկայացուցչին լեզվական այն տենդենցի, որի բնորոշ կողմն են կազմում լեզվական գավառական հատկանիշները (թե բառակազմության և թե համաձայնության մեջ): Լեզվական այս տենդենցը, սկիզբ առնելով Խ. Աբովյանից, իր հետագա ներկայացուցիչների մոտ հետզհետե ազատագրվում է գավառական հատկանիշներից (առանձին է մնում Գ. Սունդուկյանը) և Հ. Թումանյանի երկերում դառնում է մի լեզու, որ կիսով չափ մոտենալով մեր ընդհանուր գրական լեզվին, կիսով չափ դեռևս պահում է իր մեջ գավառական հատկանիշները և այս վերջիններս են, որ նրա լեզվի մեջ ստեղծում են այն ինքնուրույնն ու յուրահատուկը, որ մենք հասկանում ենք «Հ. Թումանյանի լեզու» ասելով։ Եթե մենք Հ. Թումանյանի լեզուն զրկենք այս հատկանիշներից, կստանանք մաքուր գրական լեզու, բայց սա արդեն չի լինի այն գրական լեզուն, որ բնորոշ է Թումանյանի համար: Թումանյանի լեզվի այդ յուրահատուկն ու բնորոշը, որ նրա լեզվին տալիս են գյուղական ինտոնացիա, մեր խորին