Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցույց տալու մեր երկրի «մեծ» ազգություններին անհայտ մեր գանձերը, քանի որ մենք ներկայումս ունենք բոլոր հնարավորությունները ստեղծելու ձևով ազգային կուլտուրա, զգալու մեզ նրանց շարքում համահավասար, մեր ամբողջ ուժով մասնակցելու սոցիալիզմի կառուցման մեծ գործին։

Այս հարցը ունի, սակայն, բնորոշ մի այլ կողմ ևս, առանց որի հաշվառման, իմ կարծիքով, մենք հազիվ թե կարողանանք լուծել մեր առջև դրված ամենակենսական խնդիրը։ Մենք արդեն նշեցինք, որ ցարիզմի և բուրժուազիայի տիրապետության օրոք անծայրածիր և բազմալեզու Ռուսական կայսրության մեջ իշխող դասակարգերը ոչ մի միջոցի առջև կանգ չէին առնում` հպատակ ազգությունների ստեղծագործական հնարավորությունները ճնշելու համար։ Տիրապետող դասակարգերի «կուլտուրական» հենց այդ ագրեսիայով էլ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ ուկրաինացի Գոգոլի ասիմիլյացիայից հետո նրանք դեմ չէին լինի կլանելու նաև ուկրաինացի Շևչենկոյին, սակայն ուկրաինացի Շևչենկոն, հակառակ այդ նկրտումների, թույլ չտվեց կլանել իրեն, որովհետև նա խորթ էր տիրապետող ազգերին` այսինքն իշխող դասակարգերի սոցիալական ստամոքսին։ Նրան` Շևչենկոյին, արտաքնապես` որպես զուտ գրական-էսթետիկական երևույթ, ռուսական մեծապետական գրականությունը թերևս որոշ չափով սեփականացնելու փորձ աներ, սակայն էապես այդ սեփականացմանը կամ կլանմանը արգելակում էր Տարաս Շևչենկոյի սոցիալական պատկանելիությունը: Դա փոքր-ինչ անդյուրամարսելի էր այն ժամանակի ռուսական ազնվականական գրականության նուրբ աղիքների համար։ Ւսկ դեմոկրատական հոսանքը հանձինս Չերնիշևսկու և մյուսների Շևչենկոյի նկատմամբ չէր կարող