Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց հմայողը, այլ գերազանցորեն այն տրամադրությունը, որ արտահայտված են այդ յամբերով։ Գուցե կասեք, որ տրամադրություններն էլ են «հավիտենական» լինում... Այդ դեպքում մեզ կմնա խոստովանել, որ իզուր են չակերտները այնքան պինդ փաթաթել իմ այս հոդվածում «ապադասակարգային» բառ!!!

«Ապադասակարգայինների» այդ չարաբաստիկ «ինչպես»֊ը գեղարվեստում ոչ այլ ինչ է, եթե ոչ «գեղարվեստը գեղարվեստի համար» հանրածանոթ սկզբունքը4, որ հատուկ է անկման շրջանի դրական դպրոցներին, ինչպիսիք են օր․ ֆրանսական դեկադանսը5 և նրա ուշացած եղբայր ռուսական սիմվոլիզմը6: Գրական այդ երկու դպրոցներն էլ առաջ են եկել հասարակական ամենասուր ռեակցիայի օրերին, առաջինը` 71 թվականի կոմունայից հետո, իսկ երկրորդը աճել ու զարգացել է 1905—1912 թվականներին, երկուսն էլ մի ժամանակամիջոցում, երբ առաջին անգամ բուրժուազիան կախված է տեսել իր գլխին այն ահավոր սպառնալիքը, որից նա պիտի ոչնչանա ու մահվան դատապարտվի։ Ֆրանսական սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը— Բոդլերը—այնպիսի մաղձով է խոսում կոմունայի7 մասին և այնպիսի արհամարհանքով, որ պատիվ կարող էր բերել Միլյուկովին8 և Գուչկովին9—և հակադրում է նրան («հեղափոխությանը») «մաքուր» արվեստը, «հավիտենական» արվեստը, որպես «մարդկությանը» վայել միակ իդեալ։ Այդ գրքում (Բոդլեր-հիշատակարան) դուք կգտնեք սքանչելի մտքեր և՝ արվեստի ձևերի «հավիտենականության» մասին, և՛ այն, որ արվեստը ո՛չ մի ուրիշ նպատակ չպիտի ունենա, բացի «գեղեցկից» և այլն և այլն: Նույնը տարբեր բառերով կրկնել են Վյաչեսլավ Իվանովը10, Սոլոգուբը11, Կուզմինը12 և մինչև օրս էլ կրկնում են Բրյուսովն ու Բայլմոնտը13։ Նրանց, ինչպես