Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առկա են այդ արվեստի ստեղծման բոլոր նախադրրյալները: Դրա համար մենք նախ և առաջ ունենք օբյեկտիվ նախադրյալ` անդասակարգ հասարակության կառուցման ընթացքը, առկա է և սուբյեկտիվ նախաղրյալը — մեր խորհրդային բանաստեղծների բազմապիսի բանակը, մարդկային այն հումքը, որն այսօր դարձել է գաղափարապես միասնական մի բանակ, և, եթե նա միասնաբար տիրապետի մարդկության լավագույն մասի ստեղծած կուլտուրայիէն, ապա չեն լինի ամրոցներ, որ նա չկարողանա նվաճել։ Ահա այն կենսական հարցը, որ դրված է այսօր ամբողջ գրականության առջև: Իսկ մնացած զուտ դրական հարցերը (ժանրերի և այլն) «մանրունք» են, թեև ոչ անկարևոր, և կլուծվեն գլխավոր խնդրի լուծման հետ զուգընթաց, իհարկե, ոչ ինքնուրույն, այլ որպես օժանդակ խնդիրներ։

Նշանակալից է յուրաքանչյուր գրողի, յուրաքանչյուր բանաստեղծի դերը առանձին վերցրած այդ սինթետիկ արվեստի ստեղծման բնագավառում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է առանց ձեռքերը ծալելու աշխատի, կոփվի սոցիալիստական առօրյայում, նվաճի մարդկության կուլտուրայի բարձունքները։ Եվ նա, ով մեզնից օրգանապես կիրագործի այդ երեք հիմնական պայմանները, նա էլ կլինի մեր այսօրվա և վաղվա մեծ արվեստի ավանգարդում։ Ավելի մեծ պատիվ գրողի համար ես չեմ պատկերացնում: Այսպես ուրեմն. անհրաժեշտ է մի կողմից` աշխատել, աշխատել և աշխատել, մյուս կողմից — ես դիմում եմ գրողներին... վերջին խոսքերով — «հարկավոր է խիզախել»։

Այո՛, ընկեր գրողնե՛ր, հարկավոր է խիզախել:

(Ծափահարություններ):