Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԱՄՅԱԿԻՆ>

Եղբայրական Վրաստանի խորհրդայնացման հերոսական տասնհինգամյակին` հղում եմ անկեղծ ու խանդավառ ողջույններ։

Հավատացած եմ, որ անցյալում մեծ Ռուսթավելուն ստեղծած տաղանդավոր ժողովուրդը, խորհրդային իշխանության շնորհիվ կյանքի կոչելով իր ողջ ստեղծագործական կարողությունը, ամենամոտ ապագայում կստեղծի նույնպիսի հանճարներ, որոնք արժանի կերպով կգովերգեն Խորհրդային Վրաստանի մեծ գործերը, որ այս 15 տարում ստեղծել է քարթվելների-վրացիների գեղեցիկ երկրի զարմանալի գեղեցիկ կյանքը...

ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՈԻՂԻՆ

(Ալեքսեյ Պեշկովի հիշատակին)

1

«Լեգենդը»

Մեռավ Ալեքսեյ Պեշկովը, լեգենդական համբավ ունեցող այն մարդը, որ հայտնի էր ամբողջ աշխարհին Մաքսիմ Գորկի անունով, որպես ռուս հանճարեղ գրող:

«Մաքսիմ Գորկի»:

Այս անունն անցյալ դարի վերջին տասնամյակում կայծակի արագությամբ սավառնեց ամբողջ աշխարհի վրա, երկրագնդի բոլոր մասերում, իբրև ցարական Ռուսաստանի սոցիալական ամեհի օվկիանի հատակից ելած մի հրաշալի մարդու անուն, մի տարօրինակ դեմքով մարդու, որի հռչակավոր լուսանկարը տպվում էր աշխարհում