Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՆԴԵՆՑՆԵՐԸ ԵՎ Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԼԵԶՈԻՆ

Ընկերնե՛ր, այսօրվա իմ զեկուցման մեջ ես շոշափելու եմ մի շարք սկզբունքային լեզվական խնդիրներ: Մի շարք խնդիրներ, որոնք կապ ունեն ընդհանրապես մեր գրական լեզվի զարգացման տենդենցների հետ, և իմ զեկուցումն այնչափով է առնչվելու ընկ. Դ. Դեմիրճյանի լեզվի հետ, որչափով հեղինակը իր լեզվական սկզբունքներով և տենդենցներով բնորոշ է թե՛ մեր գրական լեզվի անցյալին մասնավորապես անցյալի համար, և թե՛ մանավանդ, որ նա մեր ներկա գրական լեզվի զարգացման հաներից մեկն է ներկայացնում։

Նախքան լեզվի զարգացման այսօրվա աստիճանին հասնելը, այսօրվա դրությանն հասնելը, պետք է մի փոքր էքսկուրս անեմ և աշխատեմ որոշ սխեմա տալ, թե մասնավորապես ինչպե՞ս է զարգացել մեր գրական լեզուն, ի՞նչ տենդենցներ է ունեցել, որո՞նք են հաղթանակել մինչև այժմ և այլն։

Եթե մենք մի ետադարձ հայացք նետենք գրական լեղվի զարգացման վրա, կտեսնենք հետևյալը. ինչպես գիտենք, ինչպես այբբենական ճշմարտություն է բոլորի համար, մեր գրական լեզուն, այն լեզուն, որը ընդհանուր է ոչ միայն գեղարվեստական գրականության, այլև մեր գիտության, մեր պուբլիցիստիկայի համար, մեր պետական հիմնարկների համար, այդ լեզուն ստեղծվել է ոչ թե պատմականորեն այսօրվա մեր Հայսատանում, այն տերիտորիայում, որտեղ ապրել է բնիկ ժողովուրդը, այլ ստեղծվել է գաղութներում։ Ես սկզբից ևեթ պետք է ընդգծեմ, որ գրական լեզու ասելով չպետք է հասկանանք միայն գեղարվեստական գրականության լեզուն, այլ մեր ամբողջ լեզուն, այսինքն մեր