Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկայացնող հեղինակների հետ, ինչպիսիք են Սունդուկյանը, Պերճ Պռոշյանը, հեշտ է որոշել, և այստեղ վեճ չի կարող ծագել, որ նրանք ստեղծել են որոշ ժարգոնական լեզու։ Սակայն մենք ունեցել ենք մի շարք միջին տիպի հեղինակներ, որոնք աշխատել են այդ երկու լեզվական տենդենցները, եթե կարելի է այսպես ասել, բերել մի հայտարարի, և ահավասիկ այդ սինթեզը դարձնել մեր գրականության հիմնական լեզուն։ Որքան ես գիտեմ մեր գրողներից շատերը անցյալում այն կարծիքին են եղել, որ, ահավասիկ, մեր գրական հիմնական լեզուն դառնալու է այդ միջին տիպի լեզուն:

Որո՞նք են այդ հեղինակները: Ամենացայտունը Հովհաննես Թումանյանն է. թվում է թե, նա այն հեղինակն է, որը, կարծես թե կողմնակից լինելով գրական լեզվի հիմնական հունին, միաժամանակ աշխատում է, եթե կարելի է այսպես արտահայտվել, փրկել կորստից այն ամենը, ինչ առնչվում է մեր ժողովրդական բարբառների, կենդանի բարբառների հետ կապված տենդենցների հետ։ Այս տեսակետից ես զարմանում եմ, որ շատերը Հովհաննես Թումանյանի լեզուն համարում են ամենաբարձրը: Անցյալ անգամ այստեղ ընկ. Թերզիբաշյանի զեկուցման առթիվ Սուրեն Հարությունյանը3 փորձում էր զարգացնել այն թեզը, թե Հով. Թումանյանը մեր այն հեղինակն է, որը կարողացել է որոշ սինթեզ ստեղծել գաղութների զարգացած և մեր ժողովրդական բարբառների միջև, որը, լինելով դեմոկրատիկ, կարող է այսօր սպասարկել ոչ միայն գեղարվեստական գրականությանը, ոչ միայն գեղարվեստական թեմատիկային, այլև մեր ամբողջ գրական լեզվին: <Չի սղագրվել, ըստ երևույթին, մի հատված—կազմ.>:

Սա առաջ է գալիս նրանից, որ մենք հաճախ գրական լեզու ասելով հասկանում ենք գեղարվեստական