Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիծը, նրա լեզվում գերակշռողը եղել է գավառաբարո բառայինը` բառապաշարի և քերականական սինտաքսիսի տեսակետից, միաժամանակ նա օգտագործել է գրական լեզուն, բայց նա չի կարողացել ամփոփելով իմանալ, թե որը մինչև վերջ տանել, հաճախ չի կարողաըել ընտրություն կատարել այդ երկու տենդենցների մեջ, նա միաժամանակ գործ է ածել թե ընդհանուր գրական պարտադիր ձևը, և թե՛ գավառայինը, ժարգոնայինը։ Այս տեսակետից մեր գրականության մեջ Հով. Թումանյանի լեզուն ամենաանմշակ լեզուն է: Սա կարող է մի քիչ արտառոց թվալ, բայց այնուամենայնիվ այն առանձնահատկությունները, որոնք կան Հով. Թումանյանի լեզվի մեջ, պլյուս չեն, և դրանք մեզ չեն կարող հետագայում տալ ավելի բարձր լեզու: Եվ Հով. Թումանյանը հենց որ սկսում է դուրս գալ իր նեղ, գյուղական թեմատիկայից, մոտենում է մեր գրական լեզվին։ Ես կբերեմ մի քանի քառյակ ևս, որպեսզի տեսնենք, թե որտե՞ղ է նա գավառային էլեմենտները պահպանում, իսկ որտեղ է, որ նրա երկը հնչում է այնպես, ինչպես գրական լեզվում.

Ասի7 (շարունակում է կարդալ)։

Ւնչպես տեսնում եք այստեղ ևս հնչում է նույն կոլորիտը, նույն գավառային էլեմենտը։

«Հենց», «էս» — այսպիսի բառեր, անշուշտ, չէր գործածի Տերյանը, և հանկարծ տեսնում ենք, որ այս «հենցի», «էսի» կողքին գործ է ածում` «Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտր հոգուս դեմ»։

Կարելի՞ է ասել, որ սա սինթեզ է մեր գավառական և գրական լեզվի, դա սինթեզ կլիներ, եթե սրանք արհեստական կերպով կողք-կողքի դրված չլինեին որպես լեզվական էլեմենտներ: Ես կարծում եմ, որ սրանք պարզապես սխեմատիկ ձևով կողք-կողքի գրված էլեմենտներ