Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրքերը»: Ախ, այս կետը շատ է դիպել ո՛չ միայն «ապա», այլև դասակարգայինների սրտին։

Մեր խորին համոզմունքով այն երգը կամ պոեմը, որը չի համապատասխանում տվյալ ժամանակի և դասակարգի տրամադրություններին—դադարում է կենդանի խոսք լինելուց, իսկ որոշ դեպքում դառնում է վատ ազդեցության միջոց: Այս տեսակետից ավելի վնասակար բան, քան Տերյանի պոեզիան, ես չեմ պատկերացնում: Այն մեղկությունը, այն հիվանդոտ մեղկությունը, որ լցնում է Տերյանը ընթերցողի սիրտը—թո՛ղ որ կորչի։ Այսինքն՝ դառնա «պատմագրի», կամ «սպեցի» սեփականություն։

Ահա և ամբողջը։ Կարծում եմ` դժվար չէր այս հասկանալը, պետք էր միայն «բարի տրամադրություն ունենալ»20։ Մեզ ասում են, որ մեր առաջադրած պահանջները ձևի խնդրում նույնքան են հին, որքան ինքը աշխարհը։ Ասացե՜ք խնդրեմ։ Չէ՞ր կարելի արդյոք մեր վերջին տասնամյակի բանաստեղծության մեջ ցույց տալ գոնե մի բանաստեղծություն, որ համապատասխաներ մեր առաջադրած պահանջներին։ Եթե հոդվածագիրը բանիմաց լիներ, նա պիտի հասկանար, որ մեր պոեզիայի շոշափած մինչայժմյա նյութերը չէին կարող առաջ բերել արտահայտվելու այնպիսի պահանջներ, որպիսիք առաջացրել ենք մենք։ Օր. Տերյանի (արվեստով ամենից առաջադիմածի) պասիվ, ստատիկ հոգեբանության համար քանի՞ կոպեկ արժեր «ռիթմը որպես շարժում»-ը21. նրա խառնվածքի համար միանգամայն բավական էին այն կիսայամբ-կիսադակտիլները, որոնցով նա լրիվ արտահայտում էր իր ուզածը։ Բայց հոդվածագիր ինտելիգենտի համար այս հարցում ևս «վերին աստիճանի թքած» ամեն տեսակի բովանդակության վրա ռիթմը ռիթմ է և ուրիշ ոչինչ! Վերջացավ գնաց: