Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աոեսնում նկարագրվող օբյեկտը, այստեղ նա չափազանց քիչ է կարողանում օգտագործել լեզվական այդ ձևը։ Իսկ երբ նյութը կոնկրետ է պատկերացնում, այստեղ արդեն յուրաքանչյուր նախադասություն մի ինքնուրույն կոթող է և անօրինակ մեր ամբողջ գրականության մեջ:

Սկսենք նրա սկզբնական շրջանի պատմվածքներից: Վերցնենք «Ջութակ և սրինգը». սա ընդհանուր լեգենդի ձևով մի պատմվածք է այն մասին, թե ինչպես է առաջ եկել սրինգը։ Այստեղ, իհարկե, դժվար է պահանջել հեղինակից, որ նա կոնկրետ պատկերացնի դա, և, պարզ է, որ լեզուն այս գրվածքում ավելի քիչ է պարունակում այդ էլեմենտներից։ Ինչո՞ւ է այդպես. որովհետև նա պարզապես չէր կարող այստեղ կոնկրետ կերպով պատկերացնել այն օբյեկտը, որի մասին ինքը գրում էր: Կարդանք դրանից մի հատված.

Ո՞վ հնարեց ջութակը... (կարդում է)24:

Ընդհանուր գրական լեզու է։ Առանձնահատկություն չկա, բացի փոքրիկ շտրիխներից, որոնք լեզվին ձևի տեսակետից տալիս են ինքնուրույնություն։ Ինչպես, օրինակ, «թեք ընկնել», «մտիկ անել». ինչպես տեսնում եք ոչ մի առանձնահատուկ էլեմենտ չկա այստեղ։ Դառնանք մյուս տողերին, «սրինգը դրավ բերնին և սկսեց փչել»։ Սա արդեն գավառային ֆակտուրայից եկած էլեմենտ է և այստեղ, իհարկե, շատ գռեհիկ է հնչում` «դրավ բերնին և սկսեց փչել»։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, այս գրվածքում, որ ընդհանուր է իր թեմատիկայով, բովանդակությունն այնքան էլ որոշ չի հեղինակի համար և լեզուն էլ զուրկ է ինքնուրույն էլեմենտներից: Իսկ նրա մյուս գրվածքներում առատության եղջյուրից