Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հատվածում ես չեմ տեսնում ոչ մի գավառական էլեմենտ։ Սա գրական լեզու է, ընդհանուր կանոններով։ Նույն լեզուն է, միևնույն Տերյանի լեզուն, բայց միաժամանակ այդ լեզվի մեջ կան և՛ ինքնուրույն լեզվաձև, և՛ երանգ, և՛ միաժամանակ սա պոչվեննի — արմատական լեզու է։

Հիմա, ընկերնե՛ր, ես մի շարք օրինակներ եմ ուզում բերել, ցույց տալու համար, թե ինչպես է Դերենիկ Դեմիրճյանը իր գրվածքներում զանազան հերոսների խոսեցնում իրենց լեզվով։ Առհասարակ չափազանց դժվար բան է երկում յուրաքանչյուր հերոսին տալ իր լեզուն: Այստեղ պետք է տարբերվի նրանց լեզվական մտածողության ձևը։ Դեմիրճյանը, իմ կարծիքով, մեր գրականությանը տվել է նաև այս լավագույն օրինակը: Եթե մենք վերցնենք Շիրվանզադեի պիեսները, ապա կտեսնենք, որ դրանց մեջ բոլոր հերոսները խոսում են հեղինակի լեզվով։ Սա վատ է, մանավանդ բեմական գրվածքում, որովհետև կենդանի մարդը կենդանի լեզվով էխոսում, և նա պետք է ունենա իր յուրահատուկ լեզուն, որպեսզի չուչելի նման չմնա բեմի վրա, այլ ներկայանա որպես կենդանի մարդ։

«Դատաստան» պիեսում կա Թոմաս անունով մի դատավոր։ Նրա լեզվից երևում է նրա ով լինելը: Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի այս գրվածքները: Ինչպես Գորկին է ասում Չեխովի մասին30, թե՝ ես կուզեի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը, նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ։ Ես կուզենայի, որ մեր ընկերները ուսումնասիրեին Դեմիրճյանի «Դատաստանը», «Քաջ Նազարը», «Սաթոն» և այլն։