Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչն է, որ Դերենիկ Դեմիրճյանի լեզուն դարձրել է այդպես ինքնուրույն, այդքան հյութեղ, և որը պարտադիր է բոլորիս համար, մանավանդ սկսնակների։ Բերենք մի քանի օրինակ «Դատաստանից». վերցնենք առանձին էջեր, այն էջերը, որտեղ խոսում է Թոմասը։ Եթե չիմանանք, թե ով է խոսում, չիմանանք անունը կարդալուց անմիջապես կհասկանանք, թե ինչ տիպի մարդ է։

Մի քանի օրինակներ ևս «Քաջ Նազարից». «Ի՜, աշխարհը ալարում եմ ջնջեմ» (շարունակում է կարդալ)31, կամ թե տիրացուն ասում է` «Ո՜վ Նազարե»: Այս «ո՜վ» բացագանչությամբ նա տալիս է տիրացուի կերպարանքը, կամ թե` «Դու կտիրես աշխարհին Նազա՜րիաս...» (ծիծաղ), կամ թե` «երազն ի բարի»։ Լեզվի պրիոմների միջոցով գեղարվեստական ինչպիսի՜ ոճ է կարողացել ստեղծել նա։ «Մին կզարկի, ջարդի հազար». ինձ թվում է տիրացուն չէր ասի մին, պետք է լիներ մե՛կ։ Մի ուրիշ օրինակ` «գիր զարհուրելի». որքա՜ն քավ է։ Սա մի ամբողջ սոցիալական բովանդակություն է արտահայտում։ Ինչպես գիտեք գիրը ժողովրդի մեջ սոսկալի բան է, և լեզվական այդ ոճավորումը բնորոշ է այդ սոցիալական խավի համար։ (Շարունակում է կարդալ). «Բռնեմ թալեմ, թալեմ բռնեմ։ Եվ Տեր ընդ քեզ» — այստեղ արդեն լեզուն սկսում է գռեհկանալ։

Այսքան օրինակներն էլ բավական են։ Եթե մենք կարդանք այս ամբողջ գիրքը, կտեսնենք, որ ամբողջը գրված է լեզվական նման բարձր կուլտուրայով։ Եթե մենք մի քանի օրինակներ էլ բերենք «Դատաստանից», իմ կարծիքով, ավելի ցայտուն կդառնա Դերենիկ Դեմիրճյանի լեզուն։ Ես կուզեի կարդալ այս տեսարանը ամբողջովին32. (կարդում է):