Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենահիմնականը, որ աչքի է զարնում և որից ետ առանձնապես ցնցված եմ, դա—ինտերնացիոնալիզմն է։ Ինձ թվում է, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Լենինի ազգային քաղաքականությունը ամբողջությամբ առած Խորհրդային Միության մեջ պատմական մեծագույն նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար: Եվ եթե ինձ հարցնեին, կոնկրետ որ օրինակով կարելի է ակնառու կերպով ցույց տալ ազգային քաղաքականության վեհությունը, ապա ես կպատասխանեի — «Գնացե՛ք Ադրբեջան»:

Ես աոաջին անգամ եմ հանդիպում Ադրբեջանի մարդկանց, և պետք է ասեմ, որ այդ հանդիպումը հիացնում է ինձ հենց նրանով, որ ես ինձ զգում եմ ամենահարազատ, մոտիկ միջավայրում։ Ընդամենը յոթ օր է, որ ես այստեղ եմ, բայց ինձ թվում է, թե այստեղ ապրում եմ 70 տարի...

Ինձ հիացնում է ազգային կադրերի աճը: Ճիշտն ասած, ես այդպիսի պատկերացում չունեի Ադրբեջանի խորհրդային ինտելիգենցիայի մասին։ Ես դա ասում եմ անկեղծորեն, քանի որ, ի վերջո, բանաստեղծ եմ։

Զրուցեցի ես Ադրբեջանի և՛ երիտասարդ գրողների հետ, և՛ ավագների։ Եվ, իհարկե, հարկ չկա ասելու, որ ձեր երիտասարդ գրողները մի ամբողջ գլխով բարձր են մյուսներից...

Դուք գիտեք, — դա ասվում է և մարքսիստական գրականության մեջ, — որ լեզուն ժողովրդի կուլտուրականության ցուցանիշն է։ Ես առանձնապես հիացա, երբ Սամեդ Վուրղունը սկսեց կարդալ «Եվգենի Օնեգինի» իը թարգմանությունը։

Երբ Վուրղունը կարդում էր, ես զգում էի, թե ինչպիսի խորությամբ է նա հասկանում Պուշկինին, իսկ հասկանալ Պուշկինին, նշանակում է կանգնած լինել