Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. ԼԵՅԼԻԻՆ

Սիրելի Լեյլի,

Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ—тоскa) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն —այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում։

Լեյլի ջան, Լեյլի. Լեյլի. լավ Լեյլի։ Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի։ Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը — Նայիրի։ Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր—լույս, կապույտ, հեռու։ Մրգեր կային խաղող, ինչքան շատ, — բատիստե դեղձեր. դեղձեր շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր- հիվանդ աղջկա նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ—ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort» — մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»։ Ուզում եմ շոգ—շոգ—շոգ լինի, Լեյւի, երկինք լինի- կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը, — մրգեր լինեն — շատ, հասուն, գույնզգույն - և լինի Լեյլին—Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման)։

Այսպես եմ մտածում ես` հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի, կինս պառկել է «մահճակալի վրա» ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես նրան այնքան եմ սիրում, ինչքան Շամիրամը Արային1: Եվ երևակայիր, Լեյլի՛. քսաներեք տարեկան ամուսնանալ, լինել պոետ, ֆանտազյոր, սիրող—և հանկարծ ընկնել հանրակացարան, որտեղ պառկելու տեղ անգամ չկա,— կիսաքաղց— կիսահիվանդ. իսկ ձմեռը։ — Իսկ կինս—Արփիկը — Լեյլի։ Լեյլի, լավ Լեյլի, Լեյլի։ Լեյլի: