Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ դժվար է ապրել. նախ որ—սենյակ չի կարելի գտնել, երկրորդ` ամսական ամենաքիչը 11/2 միլիոն հարկավոր է մի մարդուն ապրելու համար։ Բայց եթե միտք ունես այստեղ որևէ աշխատանքի մտնել — դա ուրիշ հարց։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ես դու ուզում գալ։ Մոսկվան այնքան էլ «վարդագույն» չէ, ինչքան որ պատկերացվում է այդտեղից։ Մանավանդ` երբ մարդ միջոցներ չունի: Ապրելով-ապրելով, թափառելով- թափառելով ես էլի գալիս եմ այն եզրակացության, որ հանել էի դեռ «ճանապարհ ընկնելուց առաջ» — որ ոչ թե «տեղերն» են լավ ու վատ լինում, այլ մարդը, կամ շրջապատի մարդիկ։ Ոնց որ Շանթն է ասել` «Երանի նրանց, որ իրենց շրջապատի, իրենց գույնի մարդոց մեջ կդառնան»1։ Մոտավորապես այդպես է։ Մախլաս։

Քո Մոսկվա գալն ինձ շատ կուրախացնի։ Լավ կլինի նրանով, որ միասին քաշ կգանք Մոսկվայում։ Թեկուզ չկարծես, որ այդ քաշ գալը մի շատ բանաստեղծական զբաղմունք է— o՜, ոչ, իհարկե, ոչ. մի շատ դժվար ու անհետաքրքիր գործ, մանավանդ, կրկնում եմ, երբ միջոցներ չկան և երբ այդ քաշ գալը փոխվում է մի կտոր հացի համար անասնական տագնապի։

Սիրելի Գրիշա բեկ, ինձ հարցնելու լինես` կասեմ մի գա Մոսկվա, մանավանդ որ որոշ նպատակ չունես, սովորել որևէ համալսարանում՝ չես կարող, իսկ լինել ազատ ունկնդիր — նույնպես մի բան չէ։ Դու գիտես, գալդ ինձ բացի ուրախությունից ոչինչ չի պատճառի։ Բայց մինչև գալդ—գրիր և որքան որ շուտ-շուտ գրես` այնքան լավ: Իմացիր որ քո նամակներն ինձ շատ են մխիթարում: Գրիր մանրամասն` ինչ կա այդտեղ, մեր երիտասարդ գրողներից ովքեր կան և ի՞նչ են անում: Մի խոսքով` ամեն բան: Այն էլ չմոռանաս գրել, թե ի՞նչ տրամադրություն կա այդտեղ ժողովրդի մեջ խորհրդային