Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանության հանդեպ։ Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում։ Ի՞նչ է անում, այսպես կոչված, «դաշնակցական» ինտելիգենցիան, ի՞նչ է անում «ոչ կուսակցական» ինտելիգենցիան, այսինքն-վարժապետությունը:

Մի խոսքով—գրիր և, որքան շատ գրես, այնքան լավ:

Թավաքալյանը2 որտե՞ղ է. ի՞նչ է անում։ Եթե կտեսնես տուր հասցես և խնդրիր, որ նամակ գրի. նույնպես և Աբովին3: Ես նրանց ուզում եմ գրել — չեմ իմանում հասցեները:

Բարևիր բոլոր ծանոթներին, Գոհարին, Նվարդին, Արշալույսին4, Գառնիկ Քալաշյանին5 և այլն։ Գառնիկին ասա, որ ես նրան միշտ մեծ ուրախությամբ և կարոտով եմ հիշում. ուզում էի նրան նամակ գրեմ, ժամանակ չկար, նամակաբերս շտապում էր:

Քո` Չարենց

<1>921, 1 XI, Մոսկով

Հասցես` Москва, Рождественка 3. Гос. «Савой». Представительство С. С. Р. Армении. Егише Чаренцу.

Բարևներ Արփիկից:

12. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Սիրելի Լևոնյան,

Ձեր եղբայրը1, երբ դեռ այստեղ էր (Մոսկվայում), ասում էր, որ «Գեղարվեստ»-ը արդեն լույս է տեսել2, միայն շապիկ չկա։ Խնդրում եմ, եթե հնարավոր է գրաբերիս (Սիրուշ Հակոբյանի3) հետ մի համար (թեկուզ առանց շապիկի) ուղարկեք ինձ. այնքան կարոտել եմ նոր հայերեն գրքի, որ դրանով կարոտս գոնե մի փոքր կամոքվեր։