Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան և երբեք չենք մոռանա։ Իսկ եթե լուրը ճիշտ է (աստված չանի) կանցնես նրա կնոջ մոտ և իմ կողմից կհայտնես իմ խորին ցավակցությունները. կասես, որ Գառնիկը մեզ համար կենդանի է միշտ, որպես լավ ընկեր և հայ բանաստեղծ—և որ նրա հիշատակը միշտ պայծառ կմնա նրա բոլոր ընկերների և հայ գրականությունը հարգողների սրտում։

Հեռագիրը կուղարկես հետևյալ հասցեով МОосква, представительство Армении, Чаренцу.

Ընդունիր ընկերական բարևներ ինձանից և Արփիկից։ Բարևիր ծանոթներին — նամակ գրիր: Հատուկ բարևիր և իմ կողմից համբուրիր Աբովին: Ասա, որ ես սիրում եմ նրան և չեմ մոռացել։ Թող նամակ գրի Հայկական միսիայի հասցեով. նամակներ<ի> համար այսպես`

Москва, Рождественка 3, гост. «Савой», представительство С. С. Р. Армении, Е. Чаренцу.

Քո` Եղիշե Չարենց

Մոսկվա, <1>922, I 17

14. Գ. ԱԴԱՄՅԱՆԻՆ

Սիրելի Գրիշա,

Գրածդ վերջին նամակի համար շատ շնորհակալություն։ Խորապես զգացված եմ և գոհ։ Գ. Քալաշյանը, այսպես թե այնպես, ափսոս։ Մարդ էր, էլի. ապրում էր աշխարհի տակ և արև տեսնում։ Եվ հետո` գրող էր: Լավ թե վատ — մի կողմ թողնենք, բայց որ նա ամբողջ հոգով զգում էր գրականությունը, ապրում էր գրականությամբ, շնչում էր գրականության համար — կասկածից դուրս է։