Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիշում եմ ի՜նչպիսի մեծ խնամքով ու գուրգուրանքով խմբագրում էր իր երկերը և թերթ-թերթ դարսում իրար վրա, որ մի օր հրատարակի... Բայց... նա մեռավ, և թղթերը մնացին որբ` ավելի որբ, քան զավակները, որովհետև զավակները վաղը մյուս օր<ը> կմեծանան և սեփական ինիցիատիվով կապրեն, իսկ թղթերը դեռ երկա՜ր պիտի սպասեն ուրիշի ինիցիատիվի...

Գիտես, Գրիշա, ինչ-որ եղերական բան կա այն բախտի մեջ, որ վիճակվել է մեր սերնդին, մանավանդ մեր արդի գրական սերնդին: Այնպիսի մեծ գրական մարդը, ինչպիսին էր Տերյանը, որը, այսպես թե այնպես, միակ սյունն էր մեր ետ-Թումանյան ստեղծագործության — մեռավ, և կարծես ոչ-ոք չնկատեց այգ մահը. ոչ-ոք չզգաց նրա եղերականությունը և այն բացը, որ մնաց մեր գրականության մեջ Վ. Տերյանից հետո։ Այդպես եղավ Վ. Տերյանի մահվան ժամանակ1, պարզ է, որ Գ. Քալաշյանի մահը ավելի պիտի աննկատելի անցներ, քան Տերյանինը։ Այնպիսի կորուստներ, ինչպիսիքն են Վ. Տերյանը և Գ. Քալաշյանը, կարող են միմիայն անձնական բարեկամներն զգալ և մեկ էլ մի-երկու ինտելիգենտներ, որոնք հոգեկան նույն խառնվածքն ունեն և մարդկային նույն բախտը, — ուրիշ ոչինչ: Այնպիսի արհավրալից օրերին, ինչպիսին ապրում ենք մենք հիմա — երկու պոետների մահը ավելի չէր կարող նկատելի լինել, քան այն, ինչ որ եղավ. այսինքն. Վ. Տերյանը մեռավ այն ժամանակ, երբ Հայրենիքում դաշնակցականներն էին, որոնք և ուշադրության չառան պոետի մահը, որովհետև նա բոլշևիկ էր,—իսկ Գ. Քալաշյանի ժամանակ Հայրենիքում բոլշևիկներն էին, որոնք նույնպես ավելորդ համարեցին նկատել պոետը` որովհետև նա դաշնակցական էր։ Եթե մենք, պոետներս, մի քիչ նամուս ունենայինք-վաղուց պիտի