Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քեզ մոտ։ Քո սենյակը հո ձեռքից չե՞ս տվել։ Եթե կարող ես` մեզ համար հիմիկվանից տեղ արա` կամ գրիր ինձ, եթե հարմար է մի դիմում ուղարկեմ այստեղից` դու սենյակը պատրաստիր!!! Մի խոսքով այդ հարցը բավականին զբաղեցնում է ինձ։

Գրիր թե ինչպե՞ս է այդտեղի քաղաքական դրությունը։ Գարնանը հո բան-ման չի սպասվում: Նամակդ գրիր այստեղի Հայկական միսիայի հասցեով` կհասնի: Շատ եմ սպասում նամակիդ—գրիր։ Գրիշա ջան, միակ մխիթարությունս քո նամակներն են։

Ընդունիր ամենաընկերական բարևներս, բարևներ Արփիկից:

Բարևիր բոլոր ընկերներին` Գոհարին ու Նվարդին իմ կողմից լա՜վ-լա՜վ համբուրիր, ասա որ իմ առաջին գրքում տպված կա մի բանաստեղծություն «Պրինցեսա Մահ» վերնագրով, որը նվիրված է Նվարդին ու Գոհարին: Ես նրանց չեմ մոռացել—թող նրանք էլ ինձ չմոռանան:

Քո` Չարենց

Մոսկվա, <1>922, III 20

15. Գ. ՄԱԼԵՆՑՅԱՆԻՆ

Սիրելի Գոհար, ուղարկում եմ քեզ նկարս1, որ ինձ չմոռանաս: Նամակդ ինձ ավելի քան մխիթարեց` շատ տխրեցի տխրությանդ համար և պատկերացրի քեզ, երբ ասում ես «է՜» ...Անհամբեր սպասում եմ, որ գարունը անցնի և ես գամ Հայաստան, մենակ վախում եմ գամ` դու արդեն Երևանից գնացած լինես։ Ընդունիր ամենաընկերական բարևներս, համբուրում եմ քեզ։

Քո` Չարենց

Մոսկվա, <1>922, III 29