Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն Գևորգյան,

Ես արդեն հասել եմ Մոսկվա, բայց դրությանս դեռևս անորոշ է` սենյակ չունեմ, ֆինանսական հարցը անտանելի, մի խոսքով—швах. Բացի այս ամենը` սիրտս այս տարի չի կպչում Մոսկովին, սիրտս երազում է հիմա Նայիրին, «Մեսոպոտամիան»1, զուռնան... Մամիկոն Գևորգյան, նամակ գրեք! Ինչ ուզում եք` գրեցեք— միայն թե գրեցեք։ Ի՞նչ է անում «Նորքը»2, ե՞րբ է լույս տեսնելու։ Ի՞նչ նոր նյութեր են ստացվելու։ Հետո` ի՞նչ դրական, ավելի լավ է ասել գործնական պատասխան տվեց Աշոտը իմ կորեսպոնդենտ լինելու մասին3: Ես այստեղ ասացի Մռավյանին, որ կարող եմ կորեսպոնդենտ լինել «Նորքին», բայց նա ասաց, որ դրա համար ես կարող եմ ոչ թե ռոճիկ ստանալ, այլ տողավարձ: Սա ինձ քիչ է մխիթարում, որովհետև «Նորքր» երեք ամիսը մի անգամ կարող է լույս տեսնել, իսկ ես չեմ կարող մի ստիպենդիայով երկու հոգով ապրել: Այնպես որ ինձ համար շատ մեծ նշանակություն կարող էր ունենալ ամսական 30—40 ռուբլի սլանալը, որի դիմացը ես կարող էի ո՛չ միայն թղթակցել տեղիս դրական կյանքի մասին, այլև ամեն տեսակի նյութեր տալ «նորքին» ինչքան կամենաք։ Միայն թե հարցը կանոնավոր դրվի, և ես կարողանամ այստեղի ներկայացուցչից4 ամեն ամիս պարբերաբար ինձ հասանելիք գումարն ստանալ։ Խոսեցեք այս մասին Աշոտի հետ, գուցե հնարավոր լինի այդ հարցը կարգադրել։ Կրկնում եմ` ինձ պարբերաբար եթե տալու լինեն որոշ ռոճիկ, ես այդ ռոճիկի դիմաց կարող եմ տալ ամեն տեսակի նյութեր, միայն թե հարկադրված չլինեմ սպասել մինչև №-ի լույս տեսնելը։