Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44. ԼԵՏԼԻԻՆ

Սիրելի Լեյլի,

Խիստ ցավում եմ, որ գլուխ չեկավ քո թարղմանությունը1, և այս հանգամանքը վերագրում եմ քո անիմաստ երկչոտությանը։ Ես առանձնապես ուզում էի, որ քո անունը վերստին շողշողար մեր գրական երկնակամարում։ Այսպես թե այնպես՝ դեռ ուշ չէ և դու, եթե միայն ուզենաս աշխատել այդ ուղղությամբ, Պետհրատն ընդառաջ կգա քեզ գերազանց ուրախությամբ և պատրաստակամությամբ։

Ինչ վերաբերում է չարաբաստիկ հեռագրին՝ հավատացած եղիր, ո՜վ Լեյլի Մեջլումովնա2, որ այդ արվել է առանց իմ գիտության, երբ ընդհանուր առումով ստուգել են պայմանագրերը և նման հեռագրեր ուղարկել բոլոր ժամկետը խախտողներին։ Ինչևէ։ Գևորգն3 ասում է, որ հեռագիրը քեզ վրա թողել է վատ տպավորություն:Իրավացի ես։ Սակայն իրավացի է, իր հերթին, նաև հիմնարկը: քանզի դու կարող էիր գոնե տեղեկացնել մեզ, որ աշխատությունը կուշանա, և մենք կարող էին<ք> ժամկետը երկարացնել։ — Թողնենք սակայն այս ամենը, տանք մոռացության, — և թող թույլ արվի ինձ երազել, որ դու այնուամենայնիվ մի գեղեցիկ օր կրկին կփայլատակես մեր գրական հորիզոնում և չես մնա քանքարաթաքույս, ինչպես մնում ես մինչև հիմա:

Ընդունիր սրտագին ողջույններս, ո՜վ Լեյլի, ողջ լեր և եղիր սրտով պայծառ ու բարի։

Գալու եմ Մոսկվա, թե երբ չգիտեմ4, բայց գալու եմ անպայման։ Եվ կխոսենք այնժամ ամեն ինչի մասին սրտառուչ և անհիշաչար։

Քո՝ Ե. Չարենց

29 X, 1933, Երևան