Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարյուր տրիոլետներ14։ Եվ վերևում թված «իզմերից» շատ շատերը, որպես գրական ուղղություններ, հիմք ունեն ճիշտ այնքան, ինչքան այդ Ռուկավիշնիկովը։ Գրական այդպիսի «ուղղություններ» ամեն ժամանակ տասնյակներով են ծնվում և տասնյակներով մեռնում՝ չթողնելով գրականության մեջ և ոչ մի հետք, եթե հետք չհաշվենք այն անգույն ու ողորմելի բրոշյուրները, որոնք տարիներ շարունակ փոքրիկ գրախանութների ավելի ևս փոքրիկ վիտրիններում հորանջելուց հետո՝ ֆունտերով ձախվում են շուկայում, եթե միայն պետք կգան սապոն փաթաթելու:

Ուստի և ո՛չ մի կարիք չկա խոսելու այդ «իզմերի» մասին, որոնք հասարակական ոչ մի նշանակություն չունենալով հանդերձ՝ զուրկ են անգամ զուտ գրական, ֆորմալ արժեքներից։ Եվ ի՞նչպես կարող էին զուրկ չլինել, երբ ֆորմալ ամենաաննշան նվաճումն անգամ բխում է սոցիալական բազայից: «Հոսանքներ» և «ուղղություններ» կարող են ստեղծել այն գրուպաները միայն, որոնք առաջ են եկել հասարակական նոր ֆորմացիայից, բերել են իրենց հետ սոցիալական մինչ այդ չարտահայտված բովանդակություն, որը և ստեղծում է ձևը: Այնինչ վերոհիշյալ «իզմերի» ջատագովները և հատուկենտ ներկայացուցիչները բոլորն էլ էպիգոններ են, այսինքն՝ հասարակական անցյալ ֆորմացիայից ելած անհատներ, որոնք մի կողմից ձգտում են ռեստավրացիայի («նեո—իզմերը»), մյուս կողմից՝ գրական եղած ձևերի այլանդակացման ու խեղաթյուրման: Ելնելով այս հիմնական տեսակետից՝ ես կխոսեմ այսօր գոյություն ունեցող գրական այն հոսանքների մասին, որոնք՝

ա) Դրսևորել կամ դրսևորում են հասարակական այս կամ այն խավի սոցիալական բովանդակությունը: