Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերոհիշյալ հոդվածում—ռուս բանաստեղծության երեկն է, անցյալը: Ինչ՞ու։ Այս հարցին կպատասխանենք մենք, քանի որ այդ մասին նա չի խոսում։ Եվ այս հարցին պատասխանելու համար հարկավոր է պատասխանել մի հիմնական հարցի. ո՞վքեր էին սիմվոլիստները, հասարակական ի՞նչ խավի արտահայտիչներ էին նրանք:

Սիմվոլիզմը, որպես գրական ուղղություն, առաջ է եկել անցյալ դարի 90֊ական թվականների վերջերին և իր զարգացման իսկական հունի մեջ մտնելով փարթամ ծաղիկներ է տվել 905-ի հեղափոխությունից հետո, ռեակցիայի շրջանում։ Սիմվոլիզմը գրական մի ուղղություն էր, որ իր առաջանալու սկզբի օրերից հակադրվեց ռուսական մինչ այդ գերազանցորեն հասարակական տենդենցներ ունեցող պոեզիային, բարձրացնելով արվեստը արվեստի համար հռչակավոր լուզունգը։ Նա քաղաքը հակադրեց մինչ այդ ռուս գրականության մեջ սանձարձակորեն իշխող գյուղին, անհատի անձնական հուզաշխարհը — ռուս գրականության մեջ մինչ այդ տիրապետող հասարակական մարդու ապրումներին։ Քաղաքներում մեծացած բուրժուական ինտելիգենցիայի տրամադրություններն արտահայտող պոեզիան էր դա, որ իր ամբողջ կերպարանքով մերկացավ ու երևաց 905-ից հետո միայն, ռեակցիայի օրերին: Մինչ այդ թվականները սիմվոլիզմը, իրեն սնող դասակարգի նման, լիբերալ էր, նույնիսկ հեղափոխական. բայց 905 թվականը նրան, ինչպես և նրա հասարակական բազան կազմող տարրերին՝ մատնեց սարսափի և հուսահատության։ 905 թվականի ռուսական հեղափոխությունը այն կարմիր ցուցամատն էր, որը ցույց տվեց իշխանության ձգտող ռուս բուրժուազիային, որ նա իզուր է ձգտում իշխանության հասնել պրոլետարիատի ջանքերով, նրա դիակների վրայով։ Այդ