Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրից, այնպես որ աշխատանքը տպագրության համար միանգամայն պատրաստի վիճակում Ձեզանից կպահանջվի ճիշտ ժամկետին` ս/թ դեկտեմբերի 20-ին:

Գեղ. բաժնի վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Վ. Շաթիրյան

3 սեպտեմբերի, 1931 թ.

44. ԸՆԿ. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Ձեր 5 IX, 31 թ. նամակի

Մոսկվա

Հայտնում ենք, որ ամսույս 3-ին օդային փոստով Ձեզ ուղարկված է 2 օրինակ պայմանագիր Հովնաթան Սվիֆտի «Հուլիվերի ճանապարհորդությունը» վեպի թարգմանության մասին ստորագրելու և մեկ օրինակը մեզ վերադարձնելու համար։

Ի լրացումն պայմանագրին կից գրությանը հայտնում ենք, որ` 1. թարգմանությանը պետք է կցվի ռուսական «Ակադեմիա» հրատարակության առաջաբանը, որի թարգմանությունը հանձնարարում ենք սկսել վեպի թարգմանությունը վերջացնելուց հետո։ 2. Անհրաժեշտ է անպայման թարգմանել «Ակադեմիա» հրատարակության բոլոր ծանոթությունները և կոմենտարիաները, եթե սրանցից դուրս կլինեն տեքստում հայ ընթերցողի համար անհասկանալի բառեր և տողեր` անհրաժեշտ է այդ մասին տալ ծանոթություններ, նշելով, որ այդ ծանոթությունները պատկանում են հայերեն հրատտրակությանը։

Ինչ վերաբերում է հատուկ անունների տրանսկրիպցիային` անհրաժեշտ է անպայման պահպանել անգլերեն բնագրի արտասանությունը։