Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա մանրամասն կերպով վերլուծեց այն հասարակական պայմանները, այն շրջապատը, որի մեջ սնվել ու դաստիարակվել էր Տերյանը, և հիմնավորեց այն տեսակետը, թե Վ. Տերյանը արտահայտիչն է եղել մեր երկոի մանր բուրժուական տրամադրությունների ու ապրումների... Այս տրամադրությունները վնասակար գտնելով մեր աշխատավորության գիտակցությունը կազմակերպելու տեսակետից, նա գտնում է, որ այսօր Տերյանը չէ, որ պիտի բավարարի այդ մասսաների գեղարվեստական պահանջին։

Դասախոսությունից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին մի շարք ընկերներ։

Ըստ էության զեկուցողին հակաճառում էին ընկեր Փիրվերդևը2 ու ընկեր Ց. Խանզադյանը3, որոնք գտնում էին, թե Տերյանը արտահայտիչն է նաև մեր աշխատավոր դասակարգի տրամադրությունների։

Հակաճառողները Տերյանին պաշտպանելու համար հաճախ հարձակում էին գործում «Երեքի» դեմ և աշխատում էին ապացուցել, որ նրանք ևս մի ժամանակ հետևելիս են եղել Տերյանին։

Բոլոր հակաճառողներին ընկ. Չարենցը պատասխանեց սեղմ ու կտրուկ և մի անգամ ևս ընդգծեց այն հանգամանքը, որ հակաճառողները իրենց ճառերով ապացուցում են, թե դեռևս Տերյանի հիվանդությունից չեն ազատագրվել։

Պատասխանից հետո, երբ «Երեքը» անցնում են արտասանություններին, բեմ է ելնում լուսժողկոմ ընկ. Մակինցյանը և հայտարարում.

— Ո՞ւմ եք ուզում լսել, ուզում եք, որ «Երեքը» կարդան իրենց բանաստեղծություններըt թէ ես` Տերյանինը։