Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդես եկավ իր ռեակցիոն հակումներով և տրամադրություններով որպես ցարական ռեժիմի հլու սպասավորը։ Դառն իրականությունը մղեց նրան դեպի հասարակական տրամադրությունների լքումն, այդ իրականության ամենաշոշափելի իրերն անգամ վերացական դարձան և հենց այստեղ էլ արմատավորվեց մեղկ և կաբինետային սիմվոլիկ պոեզիան, որը տվեց իր տիպիկ և բնորոշ ֆորմաները, չափերը, հանգերը և նորաձև երաժշտականությունը։

Այսօրվա սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի կողմից` ձգտումն վերականգնել հին, թառամած տրամադրություններն ու հոգեբանական միջավայրը և մյուս կողմիցճ հակամարտող մի ուժ այժմյան ծավալվող հասարակական նոր տրամադրությունների։

Սիմվոլիզմը ռուսական պոեզիայի անցյալն է, նրա երեկն է, որը վաղ թե ուշ պետք է մեռնի, որովհետև վերջնական անկման ուղին է բռնել հասարակական այն խավը, որն առաջ բերեց նրան և շունչ տվեց նրա կերպերին։

Այդ բանում համոզվելու համար բավական է փոքր-ինչ ծանոթանալ այժմյան սիմվոլիստների գործերին, որպեսզի միանգամայն ակներև լինի, որ այսօր արդեն նրանք, շարունակելով իրանց հին երգը, ոչ մի նոր զարդ չեն ավելացնում իրանց անցյալ օրերի դափնիներին։

2) Ֆուտուրիզմ, որն իր ծագման օրից արդեն հանդես եկավ որպես մի զորավոր ռեակցիա հասարակական և դրական այն տրամադրությունների և աշխարհզգացման , որի քնարերգուն էր սիմվոլիզմը։

Ճիշտ է, ֆուտուրիզմի հայրենիքը Ւտալիան էր, բայց, փոխադրվելով Ռուսաստան, նա բոլորովին այլ կերպարանք և շունչ է ստանում, հասարակական բոլորովին