Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ խավերի տրամադրություններն է ձևավորում և այդ պատճառով ռուսական ֆուտուրիզմը ոչ մի առնչություն չունի իտալական ֆուտուրիզմի հետ։

Սակայն և ռուսական ֆուտուրիզմը, ժամանակի ընթացքում ներքուստ դիֆերենցիացիայի և զտման ենթարկվելով, այսօր տալիս է մեզ հանձինս իր ամենախոշոր և ամենատաղանդավոր ներկայացուցիչների այնպիսի մի գրական աշխատաշարք, որն ըստ ամենայնի կարող է մեր հեղափոխական անցման հսկա շրջանի լավագույն և ամենազորեղ արտահայտությունը համարվել։

Նախկին մեղկ և հասարակական կյանքի ամենամերժ տրամադրությունների դիմաց` ֆուտուրիզմը հայտաբերում է յուր նոր լեզուն, նոր ռիթմերը, հանգերը և թափը։

Պրոլետարական չլինելով հանդերձ` ֆուտուրիզմը այսօր հարազատ մի հոսանք է պրոլետարական հեղափոխության և նրա այնպիսի ներկայացուցիչները, ինչպես Մայակովսկին, Ասեևը և Տրետյակովը3, կարողացել են ավելի խոր զգալ և ապրել այն նոր օրերը և նրանց շունչը, որ ստեղծվել են մեծ հեղափոխության ահավոր կամքով։

Ֆուտուրիղմը ռուսական պոեզիայի ներկան է, նրա այսօրն է։ Նա գրավել է ռուսական պոեզիայի բոլոր հրամանատար դիրքերը և ուժեղ է ոչ միայն իր հեղափոխական թափով, այլև այն անվիճելի փաստով, որ տիրել է հին կուլտուրայի ամբողջ հարստությանը, հոգեբանորեն նվաճելով նրան։

3) Իմաժինիզմը — Սա մի փոքրիկ խմբակ է, որի ամենաուժեղ ներկայացուցիչներն են Եսենինը, Կուսիկովը, Մարիենգոֆը և Շերշենևիչը։