Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իդեոլոգիա կծծվի, կմերվի պրոլետգրողների ստեղծագործության մեջ: Մեր վերաբերմունքը դեպի հասարակական այլ տարրերի - գյուղացիության ու ինտելիգենցիայի միջից ելած ուղեկից գրականագետները (պոպուտչիկները)2 պետք է լինի հետևյալը, մենք պետք է նրանց հետզհետե մեր կողմը գրավենք ու լայն համագործակցություն ստեղծենք:

ՎԱՊՊ-ի վարդինյան ծայրահեղ բանաձևը3 հետևանք էր այն բանի, որ կուսակցության գրականության ղեկավարությունը բացակայում էր. վարդինիզմը մի ձախ ռեակցիա էր Վորոնսկու դեմ4, որը գրականության կենտրոնը համարում էր պոպուտչիկներին և, ժխտելով պրոլետգրականության գոյությունն իսկ, ընկնում էր մի այլ (աջ) ծայրահեղության մեջ։

Կուսակցության բանաձևը եկավ և ճիշտ որոշում տվեց դրված խնդիրներին: Սրան հետևեց ՎԱՊՊ-ի երկրորդ կոնֆերենցիան5, ուր կուսակցության բանաձևի վրա կանգնող պրոլետգրողները փոքրամասնություն կազմեցին, բայց հետզհետե ուժեղանալով ՎԱՊՊ-ից քշեցին վարդինյան բանաձևի կողմնակիցներին (Վարդին, Ս. Ռոդով, Լելևիչ և այլն) և բռնեցին միանգամայն ճիշտ և ընդունելի գիծ:

Անցնելով հայկական իրականությանը, դասախոսը նկատում է, որ այստեղ ևս պրոլետարական գրականությունը անցել է կազմակերպչական նույն էտապները, ինչ որ ռուսականը։ Սկզբնական շրջանում պրոլետգրողները Թիֆլիսում համախմբվեցին «Դարբնոց», իսկ Երևանում «Մուրճ» ամսագրերի շուրջը: Երկուսն էլ ռուսական «Кузница»-ի պատճեններն էին և անհաշտ դիրք էին բռնել դեպի հին արժեքները և հասարակական այլ տարրերի գրողները. սրանց ստեղծած գրականությունը