Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պիեսի ամենաթույլ կողմն այն է, որ հեղինակը նավային կոմիտեի նախագահին (Գոդուն) սիրահարեցնում է նավապետի (Բերսենև) աղջկա վրա` սյուժետային գործողությունը զարգացնելու, լուծելու համար. այդ սիրահարությունն սկսվում է գիմնազիստական ձևով, անգլերեն սովորելու առթիվ, որի կարիքն իբր թե զգացել է Գոդունը` կոմիտեի նախագահ ընտրվելու հետևանքով:

Չափազանց շինծու, հեքիաթային է նույնպես հակահեղափոխական գաղտնիքի բացումը։

Իդեոլոգիական տեսակետից էլ պիեսը թույլ է:

Այնուհետև ընկ. Չարենցն անցնում է պիեսի տիպերի վերլուծմանը։ Նա գտնում է, որ Լավրենևը տիպերն ընդհանրապես սխեմատիզացիայի է ենթարկել` տալով 100 տոկոսով հեղափոխականներ և հակահեղափոխականներ։ Լավրենևին ավելի լավ են հաջողվել հին հասարակության տիպերը տալ, քան նորինը։

Անցնելով պիեսի թարգմանությանը3, ընկ. Չարենցը սխալ է գտնում ռուս ժողովրդական ժարգոնը թարգմանել աբարանցու կամ մի այլ ժարգոնով, որը խախտում է պիեսի գեղարվեստական ամբողջությունը։ Բացի դրանից, նույնպես սխալ է գտնում ռուսական ստուգաբանության հետևելը։ Թարգմանության մեջ եղել են նաև թարգմանչական սխալներ։

Բեմադրությունը.— Վախթանգովի թատրոնի և մի շարք ռեցենզենտների կարծիքով4,— ասում է ընկ. Չարենցը,— բեմադրության առանցքը պետք է կազմեն մասսայական տեսարանները և ոչ Բերսենևի ընտանիքը, դրա համար էլ նրանք դիմում են մի շարք պրիոմների. ընտանեկան տեսարանները բեմադրում են փոքր մասշտաբով, իսկ բեմի վրա լայն չափերով ցուցադրվում են միշտ հեղափոխական տեսարանները։ Սա ճիշտ մոտեցում է։ Սակայն մեզանում երկու զուգահեռներ հավասարապես