Իսկ մեր երակների մեջ մենք զզում ենք բազմահազար ամբոխների հույզը։
«Նրբակերտ մթնաշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը և պայքարող դասակարգի մարտական շեփորը մեզ արթնացրել է «մոռացման երազներից»:
Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում մեր ստեղծագործությունը։
Մենք պահանջում ենք.—
1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը։
2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է—շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր:
Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել`
1) Ռիթմը որպես շարժում.
2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.
3) Ոճը և լեզուն որպես տվյալ նյութի և խառնվածքի արտահայտություն։
Մեր օրվա լոզունգն է.
Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։
Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմություններում։
Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։
Կեցցե պրոլետարական հեղափոխությունը: