Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզրակացություն.—

Մեզ հարկավոր էր ամբողջովին գրականությանը և արվեստին նվիրված մի պարբերական, որ`

Տաներ այդ ասպարեզում դսակարգային-իդեոլոգիական հետևողական, անշեղ գիծ, — և զբաղվեր այդ իդեոլոգիային համապատասխան ֆորմայի մշակումով` թե իր տեսականում և թե գործնականում։ Ահա այն նկատառումները, որ ընդհանուր առումով հարկադրում են մեզ հրատարակել «Ստանդարտը»:

«ՍՏԱՆԴԱՐՏԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Ելնելով այն հիմնական տեսակետից, որ պրոլետարիատի դիկտատուրայի ժամանակաշրջանում արվեստը ոչ թե պետք է արտացոլի, այլ պայքարի—«Ստանդարտը» գրականության և արվեստի ասպարեզում կողմնակից է այդ արվեստների բացառապես ակտիվ ներգործող տեսակներին` դեն շպրտելով այն տեսակները, որոնք չեն կարող ակտուալ դեր խաղալ այսօր։ Պարզ` «Ստանդարտը» իջեցնում է արվեստը իր առանձնակի դիրքից և տալիս է նրան զուտ ուտիլիտար, գործնական նշանակություն։

Գրականության և արվեստի ասպարեզում «Ստանդարտը» որպես հիմնական ուղեգիծ` առաջադրում է.

Տեսականում` ֆորմալ և սոցիոլոգիական մոտեցում, գործնականում` սոցիալական ակտուալ թեմա + դասակարգային անխառն իդեոլոգիա + արվեստի տվյալ ճյուղի ֆորմալ նվաճումի վերջին խոսքը։

«ՍՏԱՆԴԱՐՏԻ» ԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Գրականության ասպարեզում «Ստանդարտն» ընդունում է.