Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ մի Մայիր, ինչպես ասում է նույն Սոլոգուբը,—և այդ գունատ կնոջը, այդ սպիտակ մահին կանչում են նրանք լացակումած ու նվող ձայներով, որ նա դա հանկարծակի և տանի նրանց մի անուշ երկիր, ուր ոչ «ամբոխ» կա, ոչ «բիրտ իրականություն»․․․ Սա, կրկնում ենք, մեռնող դասակարգին կառչած, սոցիալական իր բազան կորցրած ռուս բուրժուական ինտելիգենցիայի քնարերգությունն էր, որի բոլոր տրամադրությունների հայացնողն ու պատկերողը մեզանում Տերյանն էր, նրանց այդ ռուս սիմվոլիստների արնակից եղբայրը։ Անցյալ տարի քանիցս մանրամասնորեն շեշտել եմ ես իմ դասախոսություններում41 այս հանգամանքը, որ ինքնին հասկանալի է ամեն մի անաչառ ընթերցողի—այնպես որ ես այստեղ կբավականանամ այս հանգամանքի վրա մատնանշելով միայն։ Վահան Տերյանը, իմ խորին համոզմունքով, մի իսկական ռուս սիմվոլիստ է. այդ հարցով հետաքրքրվողներին ես կարող եմ տալ իմ անցյալ տարվա դասախոսությունը Տերյանի մասին։ Այստեղ այս հանգամանքը հարկավոր էր ինձ մատնանշել այն չափով միայն, ինչ չափով որ Վահան Տերյանի օրինակը ամենացայտուն ապացույցն է իմ այն հիմնական կարծիքի, որ մեր գրականությունը ընթանում է ռուսական գրականության զարգացման հունով—և նա զարգացման այլ ուղի, այլ ընթացք չի կարող ունենալ։

Սիմվոլիզմը, ինչպես ասացի, ռուսական բուրժուական ինտելիգենցիայի բանաստեղծությունն էր, մի բանաստեղծություն, որ իր զարգացման հարազատ հունի մեջ ընկնելով՝ աճեց ու փթթեց ռեակցիայի օրերին, որպես ճահճային մի ծաղիկ։ Եվ պարզ է, որ հասարակական պադյոմի առաջին իսկ նշաններից պիտի մեռներ ու թառամեր այդ բանաստեղծությունը, ինչպես թառամում է ճահճային շուշանը արևի ճառագայթներից։ Եվ