Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լռում է։ 1928-ին արդեն գրում է Տերյանին նվիրած «Մեռած պոետին» բանաստեղծությունը.

Նրանք ասում են, որ դու անցել,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս - կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
— Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր...


Այնուհետև, մինչև կյանքի վերջը Չ-ը բառացիորեն երկրպագում էր Տերյանին (տե՛ս սույն հատորում զետեղված Չ-ի օրագրի տողերը, գրականագետ Խ. Սարգսյանի և ուրիշների վկայությունները): «Չարենցը հրաշալի գիտեր գրականությունը,- գրում է Խ. Սարգսյանը,- ժամանակակից պոեզիան առանձնապես։ Այդ պոեզիայի ներկայացուցիչներից շատերին էր նա սիրում, բայց այն սերը, որ նա տածում էր դեպի Տերյանը, բացառիկ էր ու հյուսված ամենանուրբ թելերով...» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 345)։

Ուշագրավ է, անշուշտ, նաև, որ Չ-ի կյանքի վերջին տարիների սեվագրություններում հանդիպում ենք նման տողերի.

Ախ, կարծես նստած ես դռանը- և ինձ հետ Տերյան ես կարդում...
Շարքն ես կարդում նայիրյան- նայիրյան սիրո երգարանը,
Խորն էր այդ սերն հուրհրան, ինչպես սերն է լինում ապարդյուն,-
Մեզ հետ էր Տերյանը Վահան- միասին նստած մեր դռանը...


Կամ՝

Մի՛շտ, երբ կարդում եմ Տերյանը,- Կարսն է հիշում իմ հոգին.
Իմ մանկությունն ու այգին հին,- իմ հայրենին ու նայիրյանը...
Լաց է լինում «մեղմ» հոգին իմ,- դարձն է տոնում մորմոքի,-
Կարսն եմ հիշում հեռավոր,- միշտ, երբ կարդում եմ Տերյանը...


(Տե՛ս ԳԱԹ ՉՖ պահպանվող սևագրությունները, հնարավոր է, որ Չ-ի ժառանգների կամ ուրիշների մոտ պահպանվում են այս բանաստեղծությունների այլ տարբերակներ, որոնք, սակայն, մեր ձեռքի տակ չեն եղել)։