Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Այնուհետև ընդդիմախոսությամբ հանդես եկավ պոետ Չարենցը։ Զարմանալի երևույթ, Մոսկվայից եկած երիտասարդները համարյա բոլորն էլ թողնում են «французик из Бордо»-ի տպավորությունը: Պոետ Չորենցը հայտարարեց, թե` որովհետև դուք չգիտեք, թե Չուժակը Սիբիրում ինչ պաշտոն ունի, և որովհետև դուք Մայակովսկուն թողած խոսում եք ուրիշ թեմաների մասին - ապա դուք «պրովինցիալներ» եք...

Տաքարյուն լինելը հատուկ է հարավցիներիս, ինչպես և Չարենցին։ Սակայն, երբ տաքարյունությանը միանում է մեծամտությունը, ունենում է այն բացասական հետևանքը, որ այնպիսի խոշոր ճշմարտություններ, ինչպիսիք են գեղեցիկի մատերիալիստական և գեղարվեստի դասակարգային ըմբռնումները - հայտարարվում են «կոպեկնոց» ճշմարտություններ, որոնց մասին կարիք չկա ժամանակ վատնելու։

Ընդդիմախոս Չարենցը դասախոս Գրիգորյանին արեց մի «հիմնական» առարկություն, թե ինքը ընդունում է դասախոսի ժխտած հերոսի կուլտը, որով միայն ապացուցեց, թե Մոսկվայի ֆրանցուզիկը դեռևս լավ չի յուրացրել դասակարգային մտածելակերպը»։

2. Լունաչարսկու կարծիքը - նկատի ունի Ա. Լունաչարսկու «Խոհեր կոմունիստական դրամատուրգիայի մասին. Լամչուսի «Ֆոմա Մունցեր» պիեսի առթիվ.» հոդվածը, որ տպագրվել է «Печать и революция» ամսագրի 1921 թ. № 2-ում։

Հոդվածում Լունաչարսկին գրել է. «...Միայն էսերական, նարոդնիկական դրաման կարող է իրար խառնել մասսան և ամբոխը և գտնել, որ հեղափոխական պիեսի հերոս կարող է լինել միայն ամբոխը: Դա մեծագույն անմտություն է։ Մեր հեղափոխության հերոսը երբեք էլ ամբոխը չէ։ Իսկ այ Լենինը - նա հերոս է և իրենից ներկայացնում է մասսաներին...» (տե՛ս А. Луначарский Собрание сочинение т. II, 1964, стр. 234).

PRO DOMO SUA

(էջ 36)

Հոդվածի առաջին մասը (մինչև Р. Տ.) թվագրվել է 28 I, 1923 թ., Երևան, երկրորդ մասը գրել է 1923 թ. փետրվարի 7-ից հետո (Ա. Կարինյանի գրախոսականը, որին պատասխանում է Չ-ը, տպվել է փետրվարի 7-ի համարում)։