Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրներում: Սիմվոլիստների լեքսիկոնում (ինչպես և Տերյանի) տիրապետողը ածականն է, անորոշը. բավական է հիշել Բայլմոնտի «ость» վերջավորումներով բառերը43, ինչպես «зеркальность, глубинность» և այլն, որոնցում գոյականը, կոնկրետը դառնում է անորոշ ածական։ Եվ այս բոլորը ոչ թե պատահական բաներ են, այլ բխում են սոցիալական խոր պատճառներից և ցույց են տալիս այն զորավոր կապը, որ կա դասակարգային հոգեբանության և ձևի մեջ։

Բայց այս հանգամանքի սոցիալական իմաստը ավելի հասկանալի կդառնա, երբ ես կհակադրեմ սիմվոլիզմի գրական պրիոմներին ֆուտուրիզմի պրիոմները։ Դեռ Չուկովսկին էր ասել44, որ ինքը չի երևակայում, թե ի՞նչ կմնա Բայլմոնտից, եթե նրա ածականները հանեն։ Նույնը կարելի է ասել և մնացած բոլոր սիմվոլիստների մասին։ Վերցրեք նրանցից որի կուզեք բանաստեղծությունը և դրանց ամեն մի քառյակում դուք կհաշվեք առնվազը կես տասնյակ ածական, եթե ոչ ավելի։ Բացի այդ սիմվոլիստները խուսափում են իրից, կոնկրետից, նրանք ավելի շուտ կոնկրետը կհամեմատեն տարածականի հետ, քան տարածականը՝ կոնկրետի։ Եվ սա պարզ է և միանգամայն հասկանալի. գործ չուներ իր խխունջի մեջ քաշված և իր հոգու սին անկյունները քրքրող ինտելիգենտը դրսի աշխարհի հետ. նա չէր տեսնում այդ աշխարհը. այդ աշխարհի իրերն ու առարկաները նրա համար միմիայն խորհրդանիշեր էին ինչ-որ ներքին հույզերի ու ապրումների։ Նույնիսկ բնությունը, պեյզաժը, ինչպես դեռ իմպրեսիոնիստ Մոնեն է ասել մի ժամանակ՝ ոչ այլ ինչ է նրանց համար, եթե «ոչ հոգու դրությունը» (пейзаж-это состояние души)45: Ի՞նչ պատկերներ կարելի էր պահանջել մարդկանցից, որոնց համար էականը