Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անունից խոսողները. գուցե մաուզերիստներ են դրանք, ո՞վ իմանա։ Էլ մենք չենք խոսում տվյալ «պրոլետարականի» գրական քանքարի կուլտուր-կրթական նշանակության մասին, սատանան գիտե, թե ո՛ւմ ինչ կարող է դուր գալ»:

Սրտի դառն զայրույթով ենք գրում մենք այս տողերը, նպատակ ունենալով մեր կուսակցության ամենալուրջ ուշադրությունը հրավիրել այդ արդեն վերք դարձած երևույթի վրա, և առաջարկում ենք որքան հնարավոր է շուտ դիմել լանցետի օգնության, մաքրելու համար և այս լքված ասպարեզը ամեն տեսակի թարախակալ վերքերից։ Մեր կուսակցությունը, որ ամենախիստ կոնտրոլի է ենթարկում ամեն մի աշխատանք հասարակական կյանքի բոլոր մնացած ասպարեզներում՝ այս ասպարեզը ևս պետք է առնի իր ամենախիստ հսկողության ներքո, եթե ոչ… բավականին տխուր կլինի եզրակացությունը, եթե մեկը, հիմք ընդունելով այն միանգամայն ճիշտ ասացվածքը, որ «գրականությունը կյանքի հայելին է»—արտասահմանում վերցնե թեկուզ հենց այս գրության առիթ տվող Մոսկվայի «պրոլետարականների» «Հուրան» և նրա հավելված «Կոկորդիլոսը»2 և ուզենա կարծիք կազմել տեղիս ոչ միայն գրական անցուդարձի մասին…

Անցնենք այդ «կյանքի հայելիներին»։

Ամենից առաջ՝ ո՞վքեր են «գրական» այդ «թերթուկների» հեղինակները։ Եվ ի՞նչ բան է «Մուրճ և Մանգաղ» հրատարակչական ընկերությունը3։

Գուրգեն Հայկունի4, Արշալույս Արշարունի, ոմն Վանդեկ5, ոմն անկուսակցական վարմապետ Եփրեմ Տեր-Մարտիրոսյան6—ահա անուններ, որ որոտի նման կարող են պայթել ամեն մի ընթերցողի ուղեղում… առաջ բերելով մի ավելի քան կասկածելի հարցական, թե