Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գ. ԱԲՈՎ. «ԴԱՆԱԿԸ ԲԿԻՆ».
Մոսկվա, 1923, էջ 54

Լուրջ սպասելիքներ ունեինք Աբովից։

Սպասելիքները չիրականացան — գոնե առայժմ։

Աբովը նման է Ռեմբոյին1․ խոստումներ ինչքան կուզեք, իրականացրած գործ-գրոշի։

«Դանակը բկին»։ Վերնագիրը վերցրած է Հանրի Բարբյուսից2․— այդպես է կոչվում վերջինիս հետպատերազմյան հոդվածների ժողովածուն։ Բայց սա դեռ ոչինչ։ Էականը բովանդակությունն է։

Բովանդակություն չկա։ Կա — տենդենց. ավելի շուտ գուշակում ես, թե ինչի՞ մասին է ուզում խոսել, քան տեսնում կամ զգում ես ասածը։ Բայց և այնպես, ընդհանուր առումով, կարելի է գրքույկի բովանդակությունը բնորոշել—

— որպես թոիչք դեպի գալիքը—

— հակադրումն այդ երազյալ գալիքին այսօրն ու երեկը — մյուս կողմից։

Եվ, իհարկե, ամենից առաջ—ինքը3։ Իրեն է հակադրում—հնին, իր մեջ է տեսնում գալիքը։

Իր առաջաբանում, որ կրում է «Մեկնիչ» վերտառությունը, ասում է. — «Ոչ ոք չուզեց տեսնել, որ Տերյանի «ցնորքների դիցուհուն», ինչպես և նրա աշակերտների «աստղային քրոջը»4 «Միայն կինը»5 հակադրեց կենդանի ու շնչող գոյություն»։

Սխալ է։ Շատերն այդ փորձը նկատեցին։ Եվ տողերիս գրողը առաջինն էր այդ շատերից, որ այդ գրքույկի ընդհանուր տենդենցը նկատեց և գնահատեց6։ Նույն «Մեկնիչ» առաջաբանում նա ասում է, որ «Միայն կինը» մեր էսթետներին մեծ դժգոհություն պատճառեց իր իբր թե «ոչ բանաստեղծական ֆորմայով»։