Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է նախկին հրատարակածներիս ուղղումներին4—կարծում եմ այդ ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի է լեզվական խնդիրների և ոճային նկատառումների սահմաններում։ Եվ իմ բոլոր ուղղումները, կարծում եմ, չեն անցել հիշյալ սահմաններից։

Վերջում ավելորդ չէր լինի հիշատակել, որ իմ առանձին հրատարակությամբ լույս տեսած պոեմները՝ բոլորն էլ սպառվել են վաղուց և վաղուց սպասում էին երկրորդ հրատարակության։


Ի՞ՆՉ ՊԵՏՔ է ԼԻՆԻ ԱՐԴԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

(Մեր դեկլարացիայի առթիվ)

I

ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՀՈՏԵՆՏՈՏԸ

Հինգերորդ տարին է մենք ապրում ենք պրոլետարական հեղափոխության ահռելի տարուբերումները։ Ո՛չ մի հոտենտոտ անգամ չկա, որ աշխարհիս թեկուզ ամենահեռավոր անկյունում լսած և արտասանած չլինի «հեղափոխություն խոսքը» (վերջերս ռադիոն լուր բերեց նրանց ապստամբության մասին…)—էլ չեմ խոսում համաշխարհային աշխատավորության մասին, որի փայփայած խոսքերն ու տրամադրություններն են այսօր— համաշխարհային հեղափոխության լոզունգները։

Հինգերորդ տարին է, որ ռադիոն, թռչելով աշխարհից աշխարհ, ճչում է բոլոր գյուղերում ու քաղաքներում համաշխարհային աշխատավորության հաղթանակների մասին,—և առաջին հայացքից անհասկանալի կարող է թվալ, թե ինչո՞ւ հայ բանաստեղծությունը, այդ չորրորդ աստիճանի հոտենտոտը1 մինչև օրս էլ չի լսել հեղափոխության աշխարհասասան ռիթմը, չի արձագանքել նրան, չի ապրել ու ոգևորվել նրանով։ Կարող են ասել