Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատկերները։ Ելան լոռեցի Հովհաննեսը, գյումրեցի Ավոն և ախալքալաքցի Վահանը՝ հեռու ու հարազատ բուրեցին իմ հոգուն տխրություն ու թախիծ։ Եվ ես մի անգամ ևս հասկացա ու զգացի, թե ինչքան սիրելի են նրանք իմ սրտին, ինչքան մոտ ու ծանոթ, և ինչքան, ինչքան հեռացած...

Հեռու և անշոշափելի, տարիներից սահած ստվերների նման երևացին ինձ նրանք․ այդպես հեռու անշոշափելի են մանկությունն ու պատանեկությունը մեզ համար. այն, որ չկա, հուշ է դարձել, դարձել է մշուշ ու հիշատակ։

Այո: — Անցել է երեկ վիհանման մի գիծ և բաժանել է մեզ նրանցից և այն ամենը, ինչ որ մնացել է վիհի այն կողմը — դարձել է տեսիլ ու զառանցանք։ Գիտենք, զգում ենք հիմա, որ կամուրջներ գցելու ամեն մի փորձ պիտի արթնացնի հինը, հեռացածը, տարիների փոշին: Կանգնել ենք մենք, սահմանագծի այս կողմը, ետևում—հինն է, թեկուզ և ծանոթ ու հարազատ, բայց հեռու ու երազացած։

Այնինչ ուրի՛շ շաչյունով զնգացել են օրերը մեր սրտերի վրա — և այդ օրերի շաչյունը կապել է մեզ այսօր Մոսկվային ու Բաքվին, արդյունաբերական այդ խոշոր կենտրոններին, որոնք թեպետև չեն գտնվում մեր դեռևս կիսով չափ նահապետական «երկիր Նայիրիում, բայց մոտ են մեզ ավելի, մեր կյանքին ու ապագա լին ավելի կցորդված, քան Սևանն ու նահապետական էջմիածինը։

Ով լսել է Հոկտեմբերի շաչյունը — նրա համար աշխարհը դարձել է արդեն — «մի փոքրի՜կ, փոքրի՜կ փողոց»15 և հեռու Պեկինից անգամ կարող է այսօր ողջունել նրան մի Չինկ-Ֆու, մի Հանս, մի Պողոս։ Ուրիշ խոսքով ասած՝ մեր կյանքը դուրս է եկել արդեն նեղ- նայիրյան շրջանակից, կապվել է չորրորդ դասակարգի