բովանդակությունը, օրհներգած կենցաղը լոռերի Հովհաննեսի, գյումրեցի Ավոյի և գանձացի Վահանի պատկերած կյանքից — այնքան էլ սիրելի ու ընդունելի կլինեն նրանք, նոր աշխարհի քնարերգուները նոր աշխարհի պոետներին։ Նրանց, երեկվա մի տխրունակ պոետների քնարերգած կենցաղի ժխտամամբ է միայն, որ կարող են ընդունելի ու սիրելի դառնալ նրանք գալիքի պոետներին։ Այլապես — դարձ կլինի, դարերի մշուշ՝ մահամերձ զառացանք։
Բարի գալո՜ւստ պայծառ գալիքին և հավիտենական հանգի՜ստ ու հարգանք անցյալի վաստակյալ պոետներին։ Եվ թող այսօր, Հով. Թումանյանի շիրիմի առաջ, մի լինի մեր ցանկությունը,—
Որ երկար չթպրտա մեր կյանքը, ապա ուրեմն և մեր պոեզիան, «երկու աշխարհի սահմանագծում» — ուրիշ խոսքով ասած՝ շուտ իրականանա այն երազյալ կյանքը, որի ժամանակ, Հով. Թումանյանի, անցյալի մեր այդ վերջին ու ամենաավագ պոետի ցանկությամբ պիտի ապրեն «երեխեքը», բայց «մեզ պես» չապրեին...17։
Այսօր Թիֆլիսում հողին է հանձնվում Հով. Թու֊մանյանի աճյունը։ Այդ աճյունի առաջ խոնարհվել է այսօր բովանդակ Անդրկովկասի աշխատավորությունը՝ իր հարգանքի վերջին տուրքը տալու այն մեծ բանաստեղծին և «համերկրացուն», որի անունը ազգամիջյան սուր բախումների ժամին միշտ էլ եղբայրության դրոշ է հանդիսացել, խաղաղության պատգամ։