Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, ամենից ավելի մեզ է հարազատ Թումանյանը, որովհետև նա անմիջական ծնունդն է մեր իրականության և կենցաղի․ բանաստեղծ Հով. Թումանյանը։ Բայց մարդը, քաղաքացին, հանուրին է պատկանում, չի ճանաչում պատնեշներ ու սահմաններ, որովհետև նրա համար նշանակություն չունի, արգելառիթ չի կարող հանդիսանալ այլացեղ տարրերին իրար անհաղորդ դարձնող գլխավոր պատնեշը՝ լեզուն: Այսպես, հաճախ այն, ինչ տվյալ դեպքում բանաստեղծի պարծանքն է—քաղաքացու համար խոչընդոտ է դառնում. բանաստեղծի գլխավոր զենքը, որով նա կարող է «այրել սրտերը մարդկանց»2—այլ ցեղերի և ազգությանց համար դառնում է գիրք փակյալ, անհաղորդ իմաստություն։

Բայց էլի, չնայած անգամ այս, ամեն մի փոքր ազգության գրողի համար ճակատագրական հանգամանքին—Հով. Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի կարողությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ սրտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային։

Ես երբեք չեմ մոռանա ռուս պոետ Սերգեյ Գորոդեցկու խոսքերը3 Թումանյանի մասին՝ ասված Մոսկվայում, գրողների մի ինտիմ շրջանում։

«Թիֆլիսում լինել և չճանաչել Թումանյանին նշանակում է Մոսկվա լինել, բայց և չտեսնել Իվան Մեծի զանգատունը»4—ասում էր նա։ — Այսպես էր Թումանյանը։

Նրան չէր կարելի չճանաչել, այդ բարձրահասակ, արծաթադեմ լոռեցուն, որ Դսեղից Թիֆլիս էր ընկել և այդ բազմացեղ քաղաքում, արևելքի և արևմուտքի այդ երփներանգ խառնարան <ում> դարձել էր միջցեղային