ինծի․ կուզեմ ժամ առաջ գործս լմնցնել քու քովդ դառնալու համար։ Դժբախտաբար ստիպված եմ սպասելու անգլիացի գոհարավաճառի մը, որ Լոնտոնեն պիտի գա և ես կենթադրեի, որ արդեն հոս պիտի գտնեի»։
Եվ երիտասարդը պաղատագին կխնդրեր նշանածեն, որ ամեն օր նամակ գրեր իրեն, «որովհետև,− կըսեր,− քու նամակներովդ միայն կապրիմ»։
Ռոզիկ երիտասարդին այս սիրային հայտարարությունները կլափեր անսահման հրճվանքով մը։ Արդեն Լևոնին մեկնելեն երկու օր ետքը նամակ մը գրած էր անոր և հետո, հաջորդաբար երկու օրը անգամ մը, շարունակած էր իր նամակները։ Բայց անոնք շատ կարճ էին և չունեին երիտասարդին նամակներուն խանդավառ ու հրայրքոտ շեշտը։ Ռոզիկ զգաց, որ պետք էր ինքն ալ կրակ դներ ասկե ետքը իր գրություններուն մեջ, որպեսզի նշանածը կասկած չունենար իր զգացումներուն մասին։
Երբ որ մորը կարդաց Լևոնի նամակը, մայրն ալ նույն խրատը տվավ։
− Նայե որ սիրտը վրադ տաք պահելու բաներ գրես,− ըսավ։
Եվ սակայն, եթե Լևոն, իր բացակայության մեջ խանդակաթ սիրահար մը կմնար, իր մայրը, տիկին Անթառամ հետզհետե պաղ վերաբերում մը կունենար իր հարսնացուին հանդեպ։
Իր տղուն մեկնելեն ի վեր երբեք այցելության չէր եկած Ղուկաս էֆենտիի տունը, թեև Ռոզիկ ու իր մայրը մեկ քանի անգամ գացեր էին պանդոկ, զինքը տեսնելու։ Այդ տեսակցությանց միջոցին ալ շատ չոր կերպով վարվեր էր։
Ռոզիկ իր նշանածեն ամեն նամակ ստանալուն՝ փութացած էր երթալ իմաց տալու տիկին Անթառամի։ Եվ այս բանը ալ ավելի կատաղեցուցած էր զայն, քանզի Լևոն մինչև հիմա տակավին երկտող մը չէր գրած իր մորը։ Եվ Ռոզիկի դեմ նախանձը թույն գրեր էր սրտին մեջ։
− Այսչափ տարվան մայրը, երեկվան նշանածին համար մոռցավ,− կխորհեր դառնությամբ։
Տիկին Անթառամի հայտնապես թշնամական այս ընթացքը միակ սև ամպն էր Ռոզիկի պայծառ երկնքին վրա։ Եվ շատ անգամ մայր ու աղջիկ տխրությամբ իրենց մտատանջությունը իրարու կհաղորդեին այս մասին։ Բայց Ղուկաս էֆենտի բնավ փույթ չէր ըներ անոր համար։