Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն միջոցին ծաոան ներս մտնելով հանձնեց երկու այցաքարտերը, որոնց վրա աչք մը նետելով՝ Անթառամ գոչեց.

− Միտքես անցավ, որ պիտի գան, աղեկ որ առաջուց պետք եղածը ըսած էի դռնապանին։

Հետո կարդաց Ռոզիկին երկտողը.

− Կտեսնա՞ս, նորեն Լևոնեն նամակ առեր է․․․ ինծի դեռ երկտող մը, բան մը չղրկեց․ տեսնվա՞ծ բան է աս։

− Իրավ որ, մեղք այս եղածին,– պատասխանեց Տ. Միքիաս,− քանի կմտածեմ, սիրտս կայրի կոր։ Հերմինեին պես աղջիկը թողուլ և երթալ Ռոզիկը գտնել, թե ավելի հարուստ, թե ավելի գեղեցիկ և թե ավելի ուսյալ… Ասկե զատ Սմսարյանները ճշմարտապես ազնվական ընտանիք են, իսկ գալով Կելկիթյաններւլն, ո՞վ են որ, երեկվան մարզիկը․․․ քիչ մը դրամ շահեր է տե՝ Ղուկաս էֆենտի եղեր է։

− Աս գործը ավրելու ճար մը գտնելու է՝ ես աս գիտեմ,− ըսավ Անթառամ վճռաբար.− չեմ ուզեր, որ ձեռքովս մեծցուցած զավակս այսպես ինե պաղեցունեն, ձեռքես առնեն․․․ անկե զատ, առաջին վայրկյանեն սիրտս այդ աղջկան վրա չտաքցավ։ Կաղաչեմ, տեր հայր, միջոց մը սորվեցուր ինծի…

Տ. Միքիաս իր երկայն փառավոր մորուքը շոյեց, ինչ որ մտածելու սովորական շարժում մըն էր իրեն համար, հետո պատասխանեց.

− Զավկիդ բացակայութենեն պետք է օգուտ քաղել՝ այդ խոսք-կապը ետ ընելու համար։

− Բայց ի՞նչ կերպով…

Դահանան նորեն սկսավ մորուքը շոյել և խոսքը շարունակեց․

− Պետք է, որ խնամիցուներուդ հետ խոշոր կռիվ մը հանես, ոևէ պատրվակ մը գտնելով, անանկ կռիվ մը, որ նույնիսկ իրենք ստիպվին նշանը ետ ընել… ուրիշ ճար չկա, ու այս բանը կարելի եղածին չափ շուտ ըլլալու է։

Զուգադիպությամբ մը Անթառամ ալ, ինքնիրեն, նույն բանը մտածեր էր, այսինքն գժտություն մը առաջ բերել իր ու Կելկիթյաններուն միջև, այն աստիճան, որ զավակը ստիպվեր կամ զինքը զոհեր և կամ աղջիկը, ուստի Տ. Միքիասի խորհուրդը շատ գործնական գտավ։

− Ես ալ ատիկա մտածեցի,− գոչեց,− միայն թե հարկ էր կռիվի բավական լուրջ շարժառիթ մը գտնել։