Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ավելի հրավառ․ իր գրած աոաջին նամակը ընդուներ էր ու անոր կպատասխաներ։ Եվ ի՜նչ նամակ, ամբողջ տասնվեց երես։ Անգլիացի ադամանդավաճառը եկած էր Փարիզ, գործը հաջող ճամփու մեջ էր և կհուսար, որ քանի մը օրեն պիտի կրնար ճամփա ելլել։ Լևոն նույնպես կծանուցաներ, որ տուփ մը շաքար կղրկեր իրեն Փարիզեն, բայց տուփը տակավին չէր հասած։ Հետո կըսեր, թե գեղեցիկ մատանի մը, զույգ մը օղ և ապարանջան մը առած էր Ռոզիկի համար, զոր իր հետը պիտի բերեր։ Ու հետո կպատմեր այն անհուն տառապանքը, որ կըզգար իր նշանածեն հեռու մնալով, թե ինչպես օրն ի բուն Ռոզիկի պատկերին նայելով կմխիթարվեր, թե ինչ անճառ հեշտությամբ ընդունած էր անոր նամակը, զոր օրը հարյուր անգամ կկարդար, համբուրելով զայն։

Մինչ Ռոզիկ իր սենյակը առանձնացած՝ այդ նամակին ընթերումով կամոքեր օրվան մեջ ընդունած ահռելի հարվածը, Թագուհի՝ Ղուկաս էֆենտիին կպատմեր իրենց այցելությունը և Անթառամի ըրած ընդունելությունը և արտասանած նախատալից խոսքերը։

Ղուկաս էֆենտի ուշի ուշով մտիկ ըրավ իր կնոջ պատմությունը, առանց հուզումի նշան մը ցույց տալու, հետո վճռաբար ըսավ.

− Ասոնք բոլորը Տ. Միքիասի կերած խալթերն են, բայց այդ Անթառամ հանըմը թող ծանր նստի ու բերնին եկածը դուրս չի տա, ետքը ես ալ բերանս կբանամ․․․

Այս սպառնալիքը, ուրկե մեծ բան մը չհասկցավ տիկին Թագուհի, վերջ տվավ խոսակցության, որովհետև նույն միջոցին Ռոզիկ ներս կմտներ և ծնողքը չէին ուզեր օրվան այդ դժնդակ միջադեպին վրա խոսիլ իրենց աղջկան ներկայությանը։

Ռոզիկ բոլորովին այլափոխված էր. իր հուզումին ու հեծկլտուքին հաջորդեր էր պայծառ զվարթություն մը։ Լևոնի նամակը դարմաներ էր տիկին Անթառամի բացած վերքերը։ Հիմա ալ գրեթե չէր հիշեր պանդոկի միջադեպը, իբր թե պարզապես մղձավանջ մը եղած ըլլար ան։

− Հայրիկ,− ըսավ աղջիկը Ղուկաս էֆենտիին,− Լևոնը ինծի տուփ մը շաքար ղրկեր է, ինչո՞ւ նամակին հետ չբերիր։

Հայրը բացատրեց, թե թղթատունը այդ տեսակ ծրարները նամակներուն հետ չի բաժներ, այլ ավելի ուշ, և խոստացավ հերևյալ