Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրը մեկը ղրկել ֆրանսական նամակատունը, տուփը փնտռել տալու համար։

− Էհ, ուրիշ ի՞նչ գրեր է,− հարցուց հետաքրքիր շեշտով մը։

− Շատ մը բաներ, աասնըվեց երես,- գոչեց աղջիկը զվարթորեն,– ինծի շատ մը գոհարեղեններ առեր է, որոնք միասին պիտի բերե, գործերն ալ քանի մը օրեն կարգի պիտի դնե եղեր։

− Աղեկ, աղեկ, իշալլահ մինչև տասնըհինգ օր հարսնիքը կլմնցունենք։ Դուն նստե աղվոր պատասխան մը գրե նշանածիդ, սանկ սրտանց նամակ մը, ու նայե, որ կարճ չկապես, դուն ջանա իր գրածեն ավելի երկար գրելու… այս իրիկվընե գրե, որ վաղը ղրկենք։

Ռոզիկ հանկարծ վարանում մը ունեցավ և մորը դառնալով հարցուց.

− Այսօրվան անցած դարձածին մասին արդյոք բան մը գրե՞մ…

Խնդիրը այնքան ծանրակշիռ էր, որ տիկին Թագուհի չկրցավ ինքն իր գլխուն պատասխանել և ամուսնույն նայեցավ հարցական ակնարկով մը։ Ղուկաս էֆենտի ինքն ալ պետք տեսավ քիչ մը մտածելու, հետո վճռաբար ըսավ։

− Չէ, չըլլա որ բան մը գրես, ես ինքս պետք եղածը կգրեմ։

Աղջկան համար շատ դժվար պիտի ըլլար այդ միջադեպին վրա խոսիլը, ուստի գոհությամբ պատասխանեց.

− Այո, ավելի աղեկ կըլլար, ես բնավ խոսք չեմ ըներ այս մասին։

Գիշերը, երբ երկու ամուսինները իրենց ննջասենյակը առանձնացան, երկարորեն խոսեցան տիկին Անթառամի նույն օրվան անըմբռնելի ընթացքին վրա։

− Ի՞նչ պիտի ընենք, ձայներնիս քաշած պիտի նստի՞նք, բոլոր այդ նախատինքները պիտի կլլե՞նք,− կհարցներ տիկին Թագուհի, որ չէր հասկընար, թե այսպիսի ծանրակշիռ միջադեպի մը հանդեպ ինչպե՞ս Ղուկաս էֆենտի ոևէ ընդվզում մը չէր ունենար։

− Այնպես կենթադրեի, որ,− շարունակեց կինը,− աս պատմությունը իմանալուդ պես խոսք-կապը ետ պիտի ղրկես…

− Ճիշտ Անթառամ հանըմն ու Տ. Միքիասն ալ անանկ կենթադրեն ու ատ որ կըսպասեն,− պատասխանեց Ղուկաս էֆ․− և ասոր համար ես ալ իրենց բնավ չսպասած ընթացքը պիտի բռնեմ… ուստի ահա իմ խորհուրդս, այսօրվան պատահածը մենք