Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր վաճառականը նստած էր, որուն առաջին անգամ կտեսներ և որուն վրա ոևէ օրերե ի վեր խոսվիլը կլսեր։

Սերգիսի առաջին տպավորությունը սակայն նպաստավոր չեղավ Ղուկաս էֆենտիի մասին։ Երիտասարդը առաջին ակնարկով զգաց, թե դեմինը համակրելի տիպար մը չէր, այլ ընդհակառակը՝ ամենագռեհիկ, համառ, չար ու ինքնահավան մեկը։

Ղուկաս էֆենտին ալ՝ իր կողմե՝ ուշադիր կզններ երիտասարդը, որ բոլորովին նոր դեմք մըն էր իրեն համար և որուն մաքուր հագուստները, խրոխտ ու համարձակ կեցվածքը և անկեղծ կերպարանքը իրեն տեսակ մը ակնածանք կներշնչեին։

− Կարծես Ղուկաս էֆենտի Կելկիթյանի հետ խոսելու պատիվը ունիմ,− ըսավ Սերգիս, սրահին մեջ հառաջանալով։

− Այո, ես եմ,− պատասխանեց վաճառականը ոտքի ելլելով կիսովի։

− Կներեք, որ ձեզի անհանգիստ ըրի,− շարունակեց երիտասարդը,− բայց ինչպես պիտի տեսնեք, խիստ կարևոր խնդիր մը զիս ստիպեր է ձեզ մոտ գալու, առանց նախապես ձեզի ճանչնալու պատիվը ունենալուս։

− Հրամմեցեք, նստեցեք։

Երիտասարդը թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ, Ղուկաս էֆենտիի մոտիկը։

− Ի՞նչ է արդյոք այդ կարևոր խնդիրը,− հարցուց էֆենտին։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ Սերգիս,− այդ կարևոր խնդիրը ձեր պատիվին մասին է։

− Իմ պատիվի՞ս, ի՞նչ է եղեր իմ պատիվիս, ո՞վ կհամարձակի իմ պատիվիս դպչելու, անով զբաղվելու,− գոչեց վաճառականը, որ մեկենիմեկ ենթադրեց, որ տիկին Անթառամի հետ իրենց ունեցած միջադեպին շուրջը կդառնա խնդիրը։

− Ձեր պատիվին դուք եք դպչողը և ոչ թե ուրիշներ,− պատասխանեց Գարեգինի ընկերը ամենայն պաղարյունությամբ, առանց կարևորություն տալու իր խոսակցին հուզմանը։

− Բայց խոսե, ի՞նչ է խնդիրը, որո՞ւ կողմե կուգաս կոր,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ անպատճառ կենթադրեր, թե աղջկան նշանտուքին վրա էր խնդիրը…− ըսե՛ տեսնենք։ Տիկին Անթառամին կողմե՞ կուգաս…

− Ոչ, տիկին Անթառամը չեմ ճանչնար,− պատասխանեց երիտասարդը,− ես Հաճի Թումիկ աղայի կողմե կուգամ։