Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Կխնդրեմ քիչ մը համբերեցեք․ արդ, Ղուկաս էֆենտի, ոչ տիկին Սաթենիկ, ոչ ալ պարոն Գարեգին տանեն ելլելու միտք ունին։ Հետևաբար իշխանությանը պիտի ստիպվի զանոնք բռնի դուրս հանելու…

− Տղաս, ատոնք իմ գիտնալիք բաներս չեն, ինչ կուզեն թող ան ընեն,− գոչեց կրկին վաճառականը,− ես ալ զզվեցա այդ խնդիրներեն… տարին տասներկու ամիս բոզերով ու սրիկաներով չեմ կրնար զբաղիլ…

− Մեջտեղ ոչ բոզ կա, ոչ ալ սրիկա,− պոռաց Սերգիս բարկությամբ,− և ձեզի չեմ ներեր, որ այդպես նախատեք մարդիկ, որոնք իմ բարեկամներս են…

Սերգիսին ձայնին մեջ այնպիսի կորովի ու միանգամայն բարկաճայթ շեշտ մը կար, որ Ղուկաս էֆենտի, շփոթվեցավ, ու թեթև մը սարսռաց։

− Առանց բարկանալու ըսելիքդ ըսե նայինք,− վրա բերավ վաճառականը, ձայնը մեղմելով։

− Արդ, երբ այս բռնի միջոցին դիմվի, գիտցիր, որ ամբողջ թաղեցին, Հաճի Թումիկի առաջնորդությամբ, թույլ չպիտի տան, որ այդ անիրավությունը գործվի և բացե ի բաց ձեզի պիտի ամբաստանեն, իբրև ստախոս զրպարտիչ մը, և բոլոր անոնք, որ հանրագրաթյունը ստորագրած են, պիտի հայտարարեն, թե իրենց ստորագրությունը ետ կառնեն… ահա ինչ որ պիտի պատահի վաղը կամ մյուս օրը։

− Լավ, ի՞նչ կուզեք, որ ես ընեմ, քանի որ խնդիրը այլևս ինե ելած է…

− Ղուկաս էֆենտի, մեր փափաքածը այն է, որ, որպեսզի անհաճո գայթակղություններուն առաջքը առնվի, դուք անձամբ դիմում ընեք Բերայի Թաղ. Խորհրդի ատենապետին հետ, որպեսզի այդ որոշումը չեղյալ նկատեն ոստիկանության պաշտոնյաները և հանգիստ թողուն այդ որբևայրի կինը… ասիկա շատ դյուրավ կըրնաք ընել, եթե ուզեք… և այս կպահանջե ձեր պատիվը, որովհետև հակառակ պարագային, ինչպես ըսի, գործը շատ ծանր հետևանքներ պիտի ունենա։

Ղուկաս էֆենտի բոլոր այս խոսքերը մտիկ ըրած ատեն թեև առերևույթ հանդարտություն կկեղծեր, սակայն՝ ներքնապես բարկութենեն ինքզինք կուտեր։ Կուզեր նախատել, դուրս վռնտել այդ անծանոթ մարդը, որ եկեր այսպես տիրաբար կխոսեր իր տան մեջ