Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորեն պիտի խոսակցինք, մեղա, կռիվ ինչո՞ւ ընենք մեր խնամիին հետ…

− Աման, Ղուկաս էֆենտի, դուն մինակդ գնա, ես դող կելլամ։

− Չէ, չըլլար, անպատճառ դուն ալ գալու ես, հեմ հետերնիս մեկ քանի հոգի ալ տանինք նե՝ ավելի աղեկ կըլլա… վաղը առտու պատրասավե. ալ աս գործը մեկ անգամեն մաքրելու է։

Տիկին Թագուհի գիտեր իր էրկանը համառությունն ու անդրդվելի կամքը, ուստի չընդդիմախոսեց, հուսալով, որ գուցե հետևյալ առտու միտքը ինքնին կփոխե։

Բայց ոչ. Ղուկաս էֆենտի, ընդհակառակը հետևյալ առտուն կանուխ պնդեց այդ անհրաժեշտության մասին և ստիպեց կինը, որ շուտով հագվի։

Խեղճ Թագուհի ակամա համակերպեցավ և երկու ամուսինները, կառք մը բերել տալով, գացին Պրիսթոլ պանդոկը։

Տիկին Անթառամ երբեք այդպիսի այցելության մը չսպասելով, ոևէ հրահանգ չէր տված դռնապանին, այնպես որ երբ Ղուկաս էֆենտի հարցուց, թե տիկին Կոկիկյանը հո՞ն էր, դռնապանը պատասխանեց.

− Այո, հոս է, ներս համմեցեք։

Ղուկաս էֆենտի ավելորդ սեպեց ծառային միջոցավ իրենց գալուստը իմացնելու Անթառամին, վախենալով որ կրնա զիրենք չընդունիլ և կնոջը հետ ուղղակի դիմեց իրենց խնամիցուհիին սենյակը և դուռը զարկավ։

− Մտեք,− լսվեցավ ներսեն։

Երբ դուռը բացվեցավ ու տեր և տիկին Կելկիթյան սեմին վրա երևցան, Անթառամ զարմացական ճիչ մը արձակեց, չուզելով աչքերուն հավատալ։

− Բարև, տիկին Անթառամ, ի՞նչպես եք, աղե՞կ եք,− ըսավ Ղուկաս էֆենտի, հառաջանալով։

− Շնորհակալ եմ,− մրմնջեց Անթառամ, թիկնաթոռին վրայեն ելլելով։

Տիկին Թագուհի, որ միշտ հուզված էր արդեն, գլխովը բարև մը տվավ և նստելու համար սպասեց հրավերի, որ սակայն տեղի չէր ունենար։

− Նստե՝ նայինք, Թագուհի,– ըսավ Ղուկաս էֆենտի՝ իր կնոջ շփոթությունը տեսնելով,– մենք օտարական չենք, նստելու համար